Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կարող է հայտնվել փակման վտանգի առա՞ջ
Այսօր ՀՅԴ Գերագուն Մարմինը հրավիրել էր խորհրդաժողով նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ, որոնք այս անգամ առավել հանգամանալից դիտարկվեցին նաև իրավական տեսանկյունից: «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը նշեց, որ փաստաթղթերի քննարկման ընթացքում կարծես ստվերում է մնացել այն փաստը, որ սա միջազգային իրավական փաստաթուղթ է և պետք է մաս կազմի նաև Հայաստանի օրենսդրության, և եթե դրանք ստորագրվեն ու վավերացվեն, ապա վտանգ կներկայացնեն մեր պետության համար:
Ըստ փաստաթղթում առկա մի կետի, կողմերը պարտավորվում են ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերություններին անհարիր քաղաքականություն իրականացնելուց: Այս առնչությամբ Արա Պապյանը նկատում է. «Առաջին հայացքից դա անմեղ ձևակերպում է, սակայն հայ-թուրքական հարաբերությունների պարագայում` խիստ վտանգավոր, այն անմիջականորեն անդրադարձ կունենա Հայաստանի ներքին քաղաքականության վրա. Ցեղասպանության մասին ցանկացած հիշատակում կարող է դիտվել վտանգ երկկողմ բարեկամության համար»:
Օրինակ, ապրիլի 24-ին Հայաստանի նախագահը չի կարող անգամ իր խոսքը հղել Ցեղասպանությանը զոհ դարձած իր հայրենակիցներին. «Որովհետև, եթե դու հարևանիդ մեղադրում ես ոճիրներից ամենամեծ ոճրի մեջ, դա կդիտարկվի որպես ոչ բարեկամական քայլ»:
Բանը կարող է հասնել ընդհուպ մինչև Ցեղասպանության թանգարան ինստիտուտի փակմանը, որը, որպես պետական ինստիտուտ, ֆինանսավորվում է պետական բյուջեից. ֆինանսավորումը կդադարեցվի: «Դրա հետևանքուվ թանգարանի հանրային կարգավիճակը կիջեցվի հասարակական կազմակերպության մակարդակի և կֆինանսավորվի ոչ պետական միջոցներից: Սրան էլ գումարվում է այն, որ այլևս պետականորեն չեն ֆինանսավորվի Հայոց Ցեղասպանության թեմայով կատարվող ուսումնասիրությունները, խորհրդաժողովները: Փաստորեն, ստորագրելով այս փաստաթուղթը, մենք հստակ ստանձնում ենք միջազգային պարտավորություն, որը վտանգելու է մեր երկիրը»,-ահազանգում է Արա Պապյանը:
Կարինե Պետրոսյան












