Արշակ Սադոյան. «Ծիծաղելի է, երբ ասում են, թե նախաստորագրված արձանագրությունների մեջ Ղարաբաղը տալու խնդիր կա»
Իրականում, ըստ Արշակ Սադոյանի, հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կօգնի Ղարաբաղյան խնդրի դրական կարգավորմանը. «Եթե մենք թուրքերի հետ հարաբերություններ հաստատենք առանց Թուրքիայի կողմից գրավված տարածքների պահանջների, Ադրբեջանն էլ ստիպված կլինի հրաժարվել Ղարաբաղի տարածքներից»:
Իհարկե, Սադոյանը հնարավոր է համարում նաև այն տարբերակը, որ դրանից հետո սփյուռքի հետ հարաբերություններում սեպ կխրվի: Պատճառն այն է, որ սփյուռքն իր ապագայի հույսերը կառուցել է կորուսյալ հայրենիքի վերադարձման երազանքների վրա: Բայց, ինչպես ինքն է նշում, այսօր արդեն մեր տատերից ու պապերից լսած պատմությունները Արևմտյան Հայաստանի մասին չեն ազդում ներկայիս սերնդի վրա:
«Պետք է այդ էներգիան ուղղել ազգանպաստ գործունեություն իրականացնելուն»,- լրագրողների հետ զրույցում նշեց Արշակ Սադոյանը և, որպես այդպիսին, «Քաղաքական սերնդափոխության ակումբ» ՀԿ-ի կողմից առաջարկեց ստեղծել «աշխահով մեկ համազգային կառույցների կառավարելի համակարգ»` մայրաքաղաք Հայաստան պետությունով, որը «համաշխարհային քաղաքակրթության մեջ մեծ տեղ և դեր կարող է ունենալ»:
Անի Աբովյան












