Արծվիկ Մինասյան. «Երազանքները կարող են երազանք էլ մնալ` հանդիպելով «երկաթե պատնեշի»:
Սահմանների բացման տնտեսական հետևանքները
Հայաստանի և Թուրքիայի միջև ճանապարհների վերաբացման առևտրատնտեսական հիմնախնդիրների մասին Հայ հեղափոխական դաշնակցության կողմից հրավիրված խորհրդաժողովում հանդես եկավ Արծվիկ Մինասյանը: Նա ներկայացրեց ՀՅԴ-ի և մի շարք տնտեսագետների կատարած ուսումնասիրությունները` սահմանի բացման տնտեսական հետևանքների վերաբերյալ:
Համեմատելով Հայաստանի և Թուրքիայի տնտեսությունները, նա մեր կողմից մի շարք բացթողումներ արձանագրեց ինչպես տնտեսական, այնպես էլ օրենսդրական ոլորտներում: Ըստ պարոն Մինասյանի, դրանք կարող են պատճառ հանդիսանալ Հայաստանի տնտեսության վերջնական կործանման համար: Բավական է ասել, որ միայն մեկ անձին բաժին ընկնող ՀՆԱ-ով Թուրքիան երեք անգամ գերազանցում է Հայաստանին:
Համեմատության մեջ ներկայացվեց Հայաստանի և Թուրքիայի ներքին արտադրողների մրցակցային համակարգը: Թուրքիայի դեպքում վիճակն անհամեմատ բարվոք է` ներքին արտադրողի պաշտպանության առումով:
Մյուս կողմից, ի տարբերություն Թուրքիայի, որտեղ սահմանափակ է սեփականության իրավունքը, մեզ մոտ ազատ շուկայական հարաբերություններ են, ինչն օտարերկրյա ցանկացած կազմակերպության հնարավորություն է տալիս տեր դառնալ հայաստանյան տնտեսության ցանկացած ոլորտում, անգամ եթե այդ ոլորտն առնչվի երկրի անվտանգությանը:
Արծվիկ Մինասյանի համոզմամբ, չի իրականանա նաև արտահանողների վարդագույն երազանքը, այն է` մեծացնել սեփական արտադրանքի արտահանման ծավալները. «Երազանքները կարող են երազանք էլ մնալ` հանդիպելով «երկաթե պատնեշի»:
Արտահանման գործում էլ Հայաստանը հետ է մնում. եթե Թուրքիայում այն կատարվում է հատուկ կազմակերպությունների միջոցով, ապա մեզ մոտ դա դրված է արտադրողի ուսերին….
Սակայն տնտեսության ամենախոցելի ոլորտը ՀՅԴ ներկայացուցիչը համարում է գյուղատնտեսությունը, որը շատ արագ կարող է կործանվել թուրքական գյուղատնտեսական ապրանքների ներհոսքից:
Հայաստանի համար ամենամեծ սպառնալիքը ներկրվող սննդամթերքի սանիտարահիգիենիկ վիճակն է: Թուրքիան այդ կանոնների պահպանման առումով համարվում է ոչ զարգացած երկիր, ինչն ամրագրվում է նաև միջազգային փաստաթղթերով և վերլուծություններով:
Իր խոսքը սահմանափակելով` բանախոսը նշեց. «Այսպիսի համատեքստում խոսել երկու երկրների համատեղ շահերից բխող հարաբերությունների մասին, ինչպես փորձ է արվել ձևակերպել արձանագրությունների մեջ, առնվազն միամտություն է»:
Այս ամենով հանդերձ, Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ Առևտրի Համաշխարհային Կազմակերպության գնահատականների համաձայն, Թուրքիան համարվում է ամենաանհուսալի առևտրային գործընկերներից մեկն աշխարհում: Միջազգային ատյաններում այդ երկրի դեմ կան բազմաթիվ դատական գործեր, ինչը նշանակում է, որ Թուրքիայի վրա պետք չէ հույս դնել կամ նրան տնտեսական գործընկեր դառնալ:
Կարինե Պետրոսյան












