«Պահանջում և հորդորում ենք հայրենի իշխանություններին` չստեղծել այնպիսի իրավիճակ, որ ժողովուրդը ընդվզի»
Արցախյան պատերազմի վետերանները դեմ են հայ–թուրքական արձանագրություններին
Ղարաբաղյան պատերազմի վետերանների Երկրապահ միությունը հանդես է եկել հայտարարությմբ, որում դեմ է արտահայտվում հայ-թուրքական արձանագրություններին:
Հայտարարության ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստոր7.:
Իշխանությունները պարտավոր են մշակել եւ կիրառել երկրի անվտանգությունը ապահովելու, արտաքին ազդեցությունները վերահսկելու, կամայականությունները կանխարգելելու այնպիսի համակարգ, որը նվազագույնի կհասցնի սուբյեկտիվ գործոնի ազդեցությունը, կապահովի քաղաքացու արժանապատիվ կյանքը եւ անվտանգությունը: Մինչդեռ մեզանում ամրագրված հասարակական-քաղաքական հարաբերությունների տրամաբանությունը արմատապես հակառակն է ապացուցում:
Իշխանությունների գործունեությունը վերահսկող քաղաքական կուսակցությունները, հատկապես` նրանք, որոնց ծրագրային դրույթները խարսխված են ազգային գաղափարախոսության հենքի վրա (ՀՀԿ, ԲՀԿ եւ …), բնականորեն պետք է ցույց տային համապատասխան արձագանք առկա վտանգներին, բայց նրանք վարում են, մեղմ ասած, ջայլամի քաղաքականություն:
Արցախյան ազատամարտի հաղթանակը եւ ձեռքբերումները իրականություն դարձան մեր եւ մեզ նման հայորդիների կյանքի ու արյան գնով: Ո’չ նախագահին եւ ո’չ էլ նրա ձեռնասուն ուժերին իրավունք չի տրված արժեզրկելու կամ առուծախի առարկա դարձնելու արյունով, ցավոտ կորուստներով ձեռք բերված հաղթանակները, ազգային արժեքները, մեր ազգի չամոքվող վերքը` Ցեղասպանությունը, եւ հայ ժողովրդի` արժանապատիվ ապրելու իրավունքը:
Ժողովրդի` առայժմ մասսայականորեն չընդվզելը խոսում է նրա բարձր գիտակցականության մասին: Նա հասկանում է, որ երկիրը վտանգավոր եւ կարեւորագույն որոշման կայացման փուլում է, բայց դա չի նշանակում, որ ժողովուրդը կհանդուրժի վտանգել իր անվտանգությունը եւ վիրավորել իր արժանապատվությունը: Ուստի մենք պահանջում եւ հորդորում ենք հայրենի իշխանություններին` չստեղծել այնպիսի իրավիճակ, որ այս անգամ ժողովուրդը ընդվզի: Հայտարարում ենք թե’ հայրենի եւ թե’ սփյուռքի հայրենակիցներին, որ մենք դեմ ենք նախաստորագրված փաստաթղթերին եւ սատարելու ենք ժողովրդի ընդվզմանը:
ArmAr.am












