Ալիևի հերթական քարոզչական հնարքը
Այսօր Քիշնևում` ԱՄՆ դեսպանի նստավայրում, կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի ավարտից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:
Չնայած Յուրի Մերզլյակովն արդեն հայտարարել է, որ նախագահների առաջիկա հանդիպման ժամանակ որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում, այնուամենայնիվ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նախիջևանում կայացած թուրքալեզու պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները վերջնական փուլում են գտնվում, ապա հավելել, թե քիշնևյան հանդիպումից դրական փոփոխություններ է ակնկալում. «Բանակցային գործընթացում դրական քայլեր են արվել, և, կարելի է ասել, այն մտել է վերջնական փուլ»:
Ի՞նչ զարգացումներ սպասել նախագահների հանդիպումից: Այս մասին ArmAr.am-ին իր պարզաբանումները ներկայացրեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը. «Հանդիպման ժամանակ միանշանակ է` որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու: Բայց հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման խնդիրը և նրա շուրջ ծավալված քննարկումները կարող են իրենց հետքը թողնել նաև բանակցությունների վրա: Քանի որ Սերժ Սարգսյանը անվերապահորեն կողմ է փաստաթղթերի ստորագրմանը, ապա Ադրբեջանի նախագահը կարող է այս քննարկումների լույսի տակ փորձել, թեկուզև բանավոր խոստումներ կորզել մեր նախագահից: Ընդհանրապես, նման հանդիպումների ժամանակ, երբ անգամ որևէ փաստաթղթի ստորագրում չի էլ նախատեսվում, և’ Անկարան, և’ Բաքուն կփորձեն արցախյան խնդիրը կապել հայ-թուրքական հարաբերությունների հետ: Պետք է զգուշություն ցուցաբերել նման հարցերում», -ասաց պարոն Մանասյանը:
Իսկ Ալիևի այն վստահությունը, թե Քիշնևում կայանալիք հանդիպումից իրենք դրական փոփոխություններ պետք է սպասեն, Ալեքսանդր Մանասյանը մեկնաբանեց որպես ադրբեջանական հերթական քարոզչական հնարք. «Մեր նախագահը հայտարարել է, որ մոտ ապագայում վճռական որոշում չի կայացվելու: Որպես փորձագետ, ես էլ համոզված եմ, որ այս առվով դեռ շատ ջուր է հոսելու, իսկ խնդրի հանգուցալուծումը բնավ էլ մոտ չէ»:
Հիշեցնենք, որ Ալիև-Սարգսյան վերջին հանդիպումը տեղի էր ունեցել սույն թվականի հուլիսի 17-ին Մսկվայում:
Անի Աբովյան












