ՀՀ ԱԽ քարտուղար. «Հայոց ցեղասպանության ճանաչումը եղել և մնալու է ՀՀ քաղաքական օրակարգում»
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհուրդն, այսօր կայացած նիստում, երկրորդ անգամ քննարկելով հայ-թուրքական կարգավորման հարցը, հավանության է արժանացրել դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հայ-թուրքական արձանագրությունները: Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտնեց ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Արթուր Բաղադասարյանը տեղեկացրել է, թե ԱԽ-ում նախագահ Սարգսյանի ելույթից հետո, ակտիվ քննարկում է տեղի ունեցել և նիստին մասնակցող բոլոր գործիչներն ելույթ են ունեցել ու մտքեր փոխանակել: Արդյունքում որոշում է կայացվել հավանության արժանացնել նախաստորագրված արձանագրությունները և արձանագրվել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում իր հռչակած դիրքորոշմանը` առանց նախապայմանների հարաբերություններ կառուցելու հարցում:
Ըստ նրա, սահմանի բացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հնարավորություն կտա ոչ միայն պաշտպանել Թուրքիայում բնակվող մեր հայրենակիցների շահերը, այլեւ զարգացնել տնտեսական ենթակառուցվածքները: «Սահմանի բացմամբ տարածաշրջանում կստեղծվի բոլորովին նոր իրավիճակ, կբարձրանա Հայաստանի դերը տարածաշրջանում»,- վստահություն հայտնեց Արթուր Բաղդասարյանը:
Նա նշեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մնում է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, իսկ հայ–թուրքական միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծումը հնարավորություն կտա խորացնել ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը:
Ա.Բաղդասարյանը հավաստիացրեց նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը որեւէ կապ չունի հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հետ: Նա հիշեցրեց, որ այդ մասին հայտարարել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
ArmAr.am












