Արթուր Բաղդասարյան. «Սփյուռքի մտահոգությունները քննարկվում են և իմի բերվում»
«Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունների ստորագրումը Հայաստանի անվտանգությանը չի սպառնում», այսօր կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Վերջինս միաժամանակ նկատել է, թե` մտահոգություններ, անշուշտ, կան, բայց նաև հավելել, թե այսօրվանից դրանց հաղթահարման նպատակով մշակվում են անհրաժեշտ ծրագրեր:
Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ Անվտանգության խորհրդի` այսօր կայացած նիստում անդրադարձ է եղել նաև Հայաստանի ներսում ընթացող քննարկումներին, ինչպես նաև` նախագահի սփյուռքյան ուղևորության ընթացքում բարձրացված մտահոգություններին: «Դրանք քննարկվում են, հաշվառվում են: Մեր աշխատակազմը լրջորեն զբաղված է այդ մտահոգություններով»,- նշեց Ա. Բաղդասարյանը` ընդգծելով, որ դրանք իմի բերվելուց հետո կմշակվեն ծրագրեր և կիրականացվեն համապատասխան, քայլեր ու գործողություններ:
ԱԽ քարտուղարը վստահեցրել է, որ այդ կարևորագույն գործընթացում ներգրավված է պետական ապարատի ողջ ինտելեկտուալ ներուժը: Ըստ այդմ` գերատեսչություններից յուրաքանչյուրն իր պատասխաատվության տակ եղած ոլորտի առնչությամբ հստակեցնում է հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները, ինչպես նաև` հնարավոր լուծումները, ապա իր դիտարկումները փոխանցում է խորհրդին:
Հիշեցնենք, որ այսօր կայացած նիստում ԱԽ-ն հավանության է արժանացրել հայ-թուրքական արձանագրությունները:
Armar.am












