«Մոռացված Ցեղասպանություն. հայերը սարսափահար են Թուրքիայի հետ համաձայնագրից»
«Մոռացված Ցեղասպանություն. հայերը սարսափահար են Թուրքիայի հետ համաձայնագրից»: Այդպես է վերնագրել բրիտանական «Ինդեփենդենթ» պարբերականում իր հոդվածը անվանի լրագրող Ռոբերտ Ֆիսկը:
Նա ներկայացնում է, թե ինչպես 1915-ի աշնանը ավստրիացի ինժեներ Լիցմայերը ականատես էր եղել դեպի Միջագետք ուղղվող հայ կանանց 40 հազարանոց մահվան երթին: Նկարագրելով նրանց ողբալի վիճակն ու տանջալի մահը` Ֆիսկը գրում է. «Ամեն տարի նոր վկայություններ են հայտնվում այս զանգվածային էթնիկ զտման` անցյալ դարի առաջին հոլոքոսթի մասին, եւ ամեն տարի Թուրքիան ժխտում է, որ երբեւէ ցեղասպանություն է իրագործել: Այնուամենայնիվ, շաբաթ օրը, ի սարսափ հայ վերապրածների միլիոնավոր ժառանգների, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ծրագրում է ստորագրել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման շուրջ արձանագրություն, որը առեւտրային նոր համաձայնագրերի եւ նավթային շահերի հնարավորություններ է ստեղծելու: Ու նա դա պատրաստվում է անել` առանց կատարելու սփյուռքահայերին տրված իր ամենակարեւոր խոստումը` Թուրքիայից պահանջելու ընդունել Հայոց Ցեղասպանությունը»,- գրում է Ռոբերտ Ֆիսկը:
«Երկիր Մեդիա»












