Օրհան Փամուք. «Թուրքերը 30 հազար քուրդ և 1 մլն հայ են կոտորել»
Օրհան Փամուքի դեմ դատական գործընթացը սկսված է
Թուրքիայի վճռաբեկ դատարանի իրավական խորհուրդը որոշել է դատական գործ հարուցել Նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուքի դեմ` տարիներ առաջ Շվեյցարիայում նրա հնչեցրած հայտարարության առնչությամբ` «Թուրքերը 30 հազար քուրդ և 1 մլն հայ են կոտորել»:
Նախկինում, Ստամբուլի Շիշլիի շրջանի 3-րդ առաջին ատյանի դատարանը մերժել էր գրող Փամուքի դեմ ազգայնականների ներկայացրած «բարոյական փոխհատուցման» հայցը: Սակայն, Թուրքիայի վճռաբեկ դատարանի 4-րդ իրավական վարչությունը վճռել էր որոշումը գործողության մեջ դնել` «օրենսդրության շրջանակում անձի իրավունքների խախտման տարրեր հայտնաբերվելու դեպքում»:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանի կայացրած վերջին որոշման արդյունքում, Շիշլիի 3-րդ առաջին ատյանի իրավական դատարանը պետք է վերանայի թուրք գրողի նկատմամբ իր կողմից նախկինում ընդունած արդարացման որոշումը:
Իսկ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը, այս նույն պահին, Ֆրանսիայի հանրությանը ճգնում է ապացուցել, թե իր երկրում Հայոց Ցեղասպանության փաստն ընդունողները քրեորեն չեն հետապնդվում, քանզի «Նման օրենք մեզանում չկա»:
Ակնհայտ է, որ գործ ունենք ստի ու կեղծիքի վրա հիմնված թուրքական դիվանագիտության հետ, որում խոսքն ու գործն իրար երբե’ք չեն համապատասխանում:
Ք.Մ.












