Կողմերը կառուցողական տրամադրվածություն են ցուցաբերել` շարունակելու հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները
Հոկտեմբերի 8-ին Քիշնևում ԱՄՆ դեսպանի կեցավայրում կայացել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունները:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը մեկնարկել է ընդլայնված ձևաչափով` երկու երկրների արտգործնախարարներ Էդուարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (ՌԴ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:
Այնուհետև նախագահներ Սարգսյանն ու Ալիևը զրույցը շարունակել են դեմ առ դեմ, որից հետո նրանց կրկին միացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և երկու երկրների արտգործնախարարները:
Երեք ժամ տևած զրույցի ընթացքում կողմերը կառուցողական տրամադրվածություն են ցուցաբերել` շարունակելու հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները:
Հանդիպման ավարտին համանախագահները լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները շարունակել են այն հարցերի քննարկումը, որոնց շուրջ դեռևս չկա փոխըմբռնում:
Համանախագահներն ասել են, որ բանակցությունները շարունակվում են միջազգային իրավունքի և հիմնարար փաստաթղթերի բոլոր` ինքնորոշման իրավունքի, ուժի կիրառման բացառման և ԵԱՀԿ արտգործնախարարների Հելսինկյան եզրափակիչ ակտի մեջ ամրագրված հայտնի սկզբունքների շրջանակում:
Նրանք նաև նշել են, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը որևէ կերպ չի առնչվում հայ–թուրքական երկխոսությանը, և դրանք տարբեր տրամաբանությամբ առանձին գործընթացներ են:
Նախագահի մամլո գրասենյակ












