Կստորագրվե՞ն, թե՞ չեն ստորագրվի Արձանագրությունները
Դիվանագիտական որոշ շրջանակներում արդեն լուրեր են պտտվում, թե հաշվի առնելով Հայկական Սփյուռքի բուռն արձագանքները, նաև Հայաստանում և Թուրքիայում կազմակերպված բողոքի ակցիաները, հայ-թուրքական Արձանագրությունները կարող են չստորագրվել, քանի որ ստորագրումը կարող է տարածաշրջանում իրավիճակի լարվածության պատճառ հանդիսանալ:
Հետաքրքիրն այն է, որ Ահմեդ Դավութողլուն ևս հրաժարվել է պատասխանել լրագրողների այն հարցին, թե ե՞րբ կստորագրվեն փաստաթղթերը` առաջարկելով. «Եկեք սպասենք Շվեյցարիայի հայտարարությանը»:
Նախ տեղեկատվություն տարածվեց, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում միջնորդի դեր ստանձնած Շվեյցարիան հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ արձանագրությունների ստորագրման վայրն ու ժամկետը դեռևս հստակեցված չեն: Նույն ընթացքում շրջանառված, արդեն մեկ այլ տեղեկատվության համաձայն էլ Շվեյցարիայի արտգործնախարարությունը պաշտոնապես հայտարարել է, թե հարաբերությունների հաստատման վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունները կստորագրվեն հոկտեմբերի 10-ին, եթե մինչ այդ ծրագրում որևէ փոփոխություն տեղի չունենա:
Ի՞նչ ծրագրային փոփոխության մասին է ակնարկվում հայտարարության մեջ, որից կախված կարող է և ձախողվել արձանագրությունների ստորագրումը: Արդյո՞ք այդ փոփոխությունը պայմանավորված չէ վերոնշյալ անհանգստությամբ, որ երկու հասարակությունների կողմից մերժվող Արձանագրությունների ստորագրումը կարող է նպաստել տարածաշրջանային լարվածության թեժացմանը:
Ամեն դեպքում Շվեյցարիայի արտգործնախարարության հայտարության մեջ վերապահումն ակնհայտ է:
Այս խառնաշփոթում խիստ նկատելի է Արձանագրությունների ստորագրման հարցում Թուրքիայի ղեկավարության շտապողականությունը. ըստ թուրքական մամուլի, թուրքական կողմն արդեն իսկ հաստատել է, որ ստորագրման արարողությունը կկայանա հոկտեմբերի 10-ի, և որ դրանք կստորագրեն Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուն և Էդվարդ Նալբանդյանը։
Ասենք, որ գործընթացի նախապատրաստման համար` Շվեյցարիայում Թուրքիայի դեսպան Օգուզ Դեմիրալպը Բեռնից արդեն մենել է Ցյուրիխ։
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ևս պատրաստվում է շաբաթ օրը ժամանել Ցյուրիխ, ուր կմասնակցի Արձանագրությունների ստորագրման արարողությանը: ԱՄՆ-ի պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարել է, թե .«Մենք սատարում ենք այդ գործընթացին և պետքարտուղարն իր ներկայությամբ կցուցադրի մեր աջակցությունը»: Ասվում է, որ Արձանագրությունների ստորագրման արարողությանը ներկա կլինեն ընդհանուր արտաքին քաղաքականության եւ անվտանգության Եվրամիության հանձնակատար Հավյեր Սոլանան, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները` Սերգեյ Լավրովը եւ Բերնար Քուշները:
ArmAr.am












