Գրաքննությունը Ադրբեջանում և դրա հետևանքները
Վահրամ Միրաքյան
2003-2004 թվականներից սկսած` Ադրբեջանում Իլհամ Ալիևի հրահանգով հիմք դրվեց նոր տեղեկատվական քաղաքականության, և այդ գործընթացն ուղեկցվեց գրաքննությամբ ու լրատվամիջոցների տոտալ վերահսկողությամբ (չնայած նախկինում էլ ադրբեջանական լրատվամիջոցներն առանձնապես ազատ և անկախ չէին):
Վերջերս Ադրբեջանում տեղեկատվական դաշտի տոտալ վերահսկման քայլերն ակտիվանում են:
Այս տարվա սկզբում արգելվեց միջազգային հեռուստաընկերությունների (CNN, OPT, PTP, Euronews) և ռադիոընկերությունների (BBC, Radio Liberty/Radio Free Europe, Voice of America) գործունեությունը[1]: Նույն ժամանակաշրջանում արգելվեցին նաև թուրքական սերիալների, ինչպես նաև այլ լեզուներով ֆիլմերի ցուցադրությունները:
Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի ղեկավար Ռաբիյատ Ասլանովան հայտարարեց, թե Ադրբեջանին անհրաժեշտ է «տեղեկատվական անվտանգության ոլորտի օմբուդսմեն»[2]:
«Եթե դուք ուսումնասիրեք Ադրբեջան մտնող թերթերն ու ամսագրերը, ապա կտեսնեք, որ դրանք մարդկանց հաղորդում են տարբեր գաղափարներ: Այդ ամենը կանխարգելելու համար անհրաժեշտ է օմբուդսմեն»,-ասել է Ռ. Ասլանովան: Թե կոնկրետ ինչո՞վ է զբաղվելու «տեղեկատվական անվտանգության օմբուդսմենը», առայժմ չի մանրամասնվում, սակայն նախնական տեղեկատվությունից կարելի է ենթադրել, որ ստեղծվելիք կառույցի հիմնական խնդիրը Ադրբեջան ներմուծվող ամսագրերի և թերթերի գրաքննությունն է և Ադրբեջանի տեղեկատվական դաշտի պաշտպանությունը «տարբեր գաղափարներից»:
Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեխտիևը «Ադրբեջան» թերթում հանդես եկավ մի հոդվածով, որտեղ անդրադառնում էր հեռուստառադիոընկերությունների «թերություններին»[3]: Նրա կարծիքով, հեռուստառադիոընկերությունների գլխավոր խնդիրը ցածրորակ ժամանցային շոու ծրագրերն են: ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի կարծիքով` նման բացթողումների գլխավոր պատճառները եթերի վրա բիզնեսի ազդեցությունն ու արհեստավարժ կադրերի պակասն են:
Ի պատասխան Ռամիզ Մեխտիևի հոդվածի` Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային խորհուրդը հայտարարություն տարածեց, թե իրենք անմիջապես կզբաղվեն հոդվածում նշված թերությունների կարգավորմամբ[4]:
ԱՀ-ում վերահսկողություն է իրականացվում նաև համաշխարհային մակարդակով այնպիսի գրաքննությունից ազատ ոլորտի վրա, ինչպիսին է բլոգոսվերան[5]:
ԱՀ-ում տեղեկատվական դաշտի վերահսկողության հարցը, եթե այն դիտարկենք մարդու իրավունքների և խոսքի ազատության տեսանկյունից, շատ բացասական և «քաղաքակիրթ ազգերին» ոչ հարիր երևույթ է: Սակայն տեղեկատվական դաշտի տոտալ վերահսկողությունն Ադրբեջանի համար ունի շատ դրական կողմեր:
1-ին առավելություն: Ադրբեջանում կան բազմաթիվ ազգային փոքրամասնություններ, որոնք, եթե չներգրավվեն միասնական տեղեկատվական դաշտում, կարող են գաղափարապես առանձնանալ, որը կառաջացնի կառավարման ոլորտի բազմաթիվ խնդիրներ: Իսկ միասնական տեղեկատվական, գաղափարական դաշտն աջակցում է Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների միավորմանը պետության առաջադրած գաղափարների շուրջ և չի նպաստում նրանց` սեփական ազգային խնդիրների շուրջ գաղափարապես միավորվելուն: Բնականաբար, տեղեկատվական նման քաղաքականությունն իրականացվում է ուժային կառույցների աջակցությամբ:
2-րդ առավելություն: Ադրբեջանը սեփական բնակչությանը մշտապես պահում է Հայաստանի հետ ամեն վայրկյան պատերազմի վերսկսման հավանականության տակ, և տեղեկատվական դաշտի նման վերահսկողությունը Ադրբեջանին տալիս է առավելություններ Հայաստանի նկատմամբ` գաղափարական կենտրոնացվածության և ռազմատենչության առումով:
3-րդ առավելություն: Քարոզչության ամենահայտնի ճշմարտություններից մեկն այն է, որ տեղեկատվական պատերազմներում հաղթում են սեփական տեղեկատվական դաշտն առավելագույնս վերահսկող երկրները:
Տեղեկատվական դաշտը կարելի է վերահսկել երկու տարբերակով` տեղեկատվության տարածման աղբյուրների վրա ֆիզիկական արգելք դնելով (խորհրդային տարբերակը) և ԶԼՄ-ների ինտելեկտուալ մոնիպուլյացիա կատարելով (արևմտյան տարբերակը)[6]: Պատմությունն ապացուցել է երկրորդ տարբերակի առավելությունը, ինչը հիմնականում պայմանավորված է վերահսկողության անտեսանելիությամբ: Այս դեպքում ցանկալի հանրային կարծիքը ստանալու համար ոչ թե փակվում են անցանկալի տեղեկատվական հոսքերը, այլ նրանց ազդեցությունը չեզոքացվում կամ փոքրացվում է ԶԼՄ-ների անտեսանելի կառավարման` տեղեկատվա-հոգեբանական ազդեցության միջոցով և այլ տեխնոլոգիաներով:
Հանրության վրա տեղեկատվա-հոգեբանական ազդեցության մեխանիզմներ մշակելուց առաջ անհրաժեշտ է նաև հասկանալ, թե այս երեքից որն է ավելի շատ համապատասխանում տվյալ հասարակությանը:
Ադրբեջանում տեղեկատվա-հոգեբանական ոլորտի վերահսկողությունն անհնար կլիներ մանիպուլյացիոն կամ բանավեճային տարբերակով, քանի որ հետխորհրդային երկրները շատ հետ են նման տեխնոլոգիաներով կառավարելու հմտություններում` մասնագիտական դաշտի և փորձի բացակայության պատճառով:
Այսպիսով, Ադրբեջանի գրաքննչական քաղաքականությունը որպես հետադիմություն որակելուց առաջ անհրաժեշտ է հասկանալ, թե տեղեկատվական անվտանգության ոլորտում նման քաղաքականությունն ի՞նչ առավելություններ ունի:
[1] http://www.newsazerbaijan.ru/exclusive/20080107/42093676.html
[2]Рабият Асланова: «В Азербайджане необходим омбудсман по информационной безопасности». http://www.day.az/news/society/175949.html
[3] «Азербайджанским телеканалам придется перестраиваться…». http://life.trend.az/culture/1554527.html
[4]Նույն տեղում:
[5] Ձերբակալվել էին երկու բլոգերներ Ադրբեջանի գաղափարախոսութանը հակառակ գաղափարներ տարածելու համար: www.aysor.am/ru/news/2009/09/30/bloggers/
[6] Георгий Почепцов, «Психологические войны», Москва-Киев. «Рефл-бук», «Ваклер» 2002г. С. 303












