Վահան Փափազյանն առաջարկում է համեմատել ներկա ու նախկին փաստաթղթերը
Նախկին ԱԳ նախարար Վահան Փափազյանն այսօր հայտարարեց, թե հայ–թուրքական կարգավորման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականությունում առկա է եղել սկսած անկախության առաջին տարիներից, որ դեռևս 1992 թվականին մի փաստաթուղթ է պատրաստվել, որը, սակայն, մինչ օրս չի ստորագրվել: Ներկայիս պետական այրերին Վ. Փափազյանն առաջարկեց այսօր հրապարակել 92-ի այդ փաստաթուղթը և հնարավորություն ընձեռել համեմատելու այդ երկու փաստաթղթերը, այսինքն` ներկան և նախկինը: Նկատեց, որ իրենց պատրաստած փաստաթուղթն էականորեն տարբերվում է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման այսօրվա Արձանագրություններից։ Մասնավորապես, ըստ նրա, 92–ի փաստաթղթում Ցեղասպանության ու սահմանների ճանաչման մասին խոսք չկար։
«Լևոն Տեր-Պետրոսյանը արտաքին քաղաքականության հրատապ հարցերի շարքից հանել էր Ցեղասպանության հարցը, նկատի ուենալով այն, որ եթե Ցեղասպանության հարցը դառնա օրակարգային, ապա Թուրքիան դրան կհակազդի»: Ապա սկսեց մեղադրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որի իշխանության օրոք` 1998 թվականին, ցեղասպանության հարցը դարձավ արտաքին քարոզչության անկյունաքարերից մեկը: Հետևաբար, այդ հարցում զիջումներ եղան հենց այդ շրջանից»: Ըստ Փափազյանի, Հայոց ցեղասպանության ճանաչումը օրակարգ մտցնելու արդյունքը եղավ այն, որ այսօր ներկայացված Արձանագրություններում տեղ է գտել պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծման մասին դրույթը։
ArmAr.am












