Օբամային շնորհվեց Նոբելյան մրցանակ որպես խոստումներն իրականացնելու խթան
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արժանացել է 2009 թվականի Նոբելյան մրցանակի` «միջուկային զենքի տարածման դեմ պայքարի ու Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար», – հաղորդում է բրիտանական «Բի-բի-սի»-ն:
Նոբելյան կոմիտեի հայտարարության մեջ ասվում է. «Շատ քիչ մարդկանց է հաջողվել այդ աստիճան գրավել աշխարհի ուշադրությունն ու մարդկանց բարեկեցիկ ապագայի հույսեր ներշնչել, ինչպես դա հաջողվեց Օբամային: Նրա դիվանագիտությունը հիմնված է այն համոզմունքի վրա, որ համաշխարհային առաջնորդները պետք է ղեկավարվեն այն նույն արժեքներով, ինչ աշխարհի բնակչության մեծ մասը: Օբաման, դառնալով նախագահ, միջազգային քաղաքականության մեջ նոր եղանակ ստեղծեց` հատուկ ուշադրություն դարձնելով ՄԱԿ-ի և և այլ միջազգային կազմակերպությունների` համաշխարհային քաղաքականության մեջ ունեցած դերին»:
Մրցանակի թեկնածուների անունների շարքում շրջանառվում էր նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, Իտալիայի վարչապես Սիլվիո Բեռլուսկոնիի և Զիմբաբվեի վարչապետ Մորգան Ցվանգիրայի անուններըը:
«Բի-բի-սի»-ի տեսաբան Փոլ Ռեյնոլդի կարծիքով Օբամային Նոբելյան մրցանակի արժանացնելը կարող է դիտվել ավելի շատ որպես «խոստումները իրականացնելու խթան և ոչ թե հաջողությունների համար հանձնված մրցանակ»:
Նման հույսեր ունեն նաև Իրանում: Իրանի նախագահի օգնական Ալի Ակբար Ջավանֆեկրը հայատարարել է, որ «Օբաման պետք է իրեն այնպես դրսևորի, որպեսզի ապացուցի, որ արժանի է այդ մրցանակին»: Ասվածը հիմնականում վերաբերում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում վետոյի իրավունքի չեղյալ համարելուն, և Ալի Ակբար Ջավանֆեկրին համարում է , որ միայն այդ դեպքում Օբաման արող է ապացուցել, որ արժանի է այդ մրցանակին:
Մեկնաբանելով այդ որոշումը` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ այդ մրցանակը խորհրդանշում է «Ամերիկայի վերադարձը ողջ աշխարհի մարդկանց սրտեր»:
Իսկ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները քննադատել են Օբամային Նոբելյան մրցանակ հանձնելու որոշումը` հայտարարելով, որ «Օբաման ոչինչ չի արել Աֆղաստանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ», ուրեմն ինչպե՞ս կարելի էր նրան մրցանակի արժանացնել:
Այնուամենայնիվ, Օբաման կստանա այդ մրցանակը: Այն պաշտոնապես կհանձնվի դեկտեմբերի 10-ին` մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրը:
Ասենք, որ մրցանակի դափնեկրին ընտրում է 5 անդամներից բաղկացած Նոբելյան կոմիտեն: Հաղթողն ստանում է ոսկե մեդալ, դիպլոմ և 10 միլիոն շվեդական կրոն (մոտ 1,4 միլիոն դոլար)
Հիշեցնենք, որ Օբաման ԱՄՆ երրորդ նախագահն է, ով արժանանում է Նոբելյան մրցանակի: 1906 թվականին այն ստացել է Թեոդոր Ռուզվելտը, իսկ 1919-ին` Վուդրո Վիլսոնը:
ԱՆի Աբովյան












