Գլխավոր » Լրահոս

60 հազար “ՈՉ”` հայ-թուրքական արձանագրություններին

Հոկտեմբեր 9, 2009թ. 21:17

Հայոց մեծ եղեռնի զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիրն այսքան մարդաշատ լինում է միայն ապրիլի 24-ին: Առանց տարիքի ու քաղաքական համոզմունքների խտրականության, մարդիկ հավաքվել են` մի վերջին ճիգով ընդդիմանալու հակահայ քաղաքականության դրսեւորմանը` հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը: Ամբիոնից հնչել է համոզմունք, որ եթե ստորագրվեն փաստաթղթերը, դա հիմք է դառնալու իշխանափոխության արդար պահանջի, ինչը չպետք է լինի ինքնանպատակ, այլ պետք է փոխվի ժողովրդի կարծիքի հետ հաշվի չնստող համակարգը: Համատեղ ճակատով պայքարելու հայտարարությանը միացած կուսակցությունների ներկայացուցիչները կոչ են արել առավել ամրացնել միասնականությունը` ընդգրկելով նաեւ այլ ուժերի:

«Ոչ մի զիջում թուրքերին», «Միություն, պայքար, հաղթանակ» կարգախոսներով ու պաստառներով այսօր հանրապետության հրապարակից ժամը 17-ին մեկնարկեց բազմահազարանոց երթ` դեպի նախագահական նստավայր, ուր ցուցարարները հանձնել են երկրի ղեկավարին ուղղված հայտարարությունը: Այնուհետեւ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների դեմ բողոքի հանրահավաք է տեղի ունեցել Ծիծեռնակաբերդի բարձունքում: Այսպիսով, Դաշնակցության ավելի քան մեկ ամիս տեւած հացադուլն ու նստացույցն ավարտվեցին ընդդեմ արձանագրությունների բողոքի այս գործողություններով` վերահաստատելով նախապայմաններ պարունակող փաստաթղթերին “ոչ” ասելու հաստատակամությունը:

Հայ-թուրքական արձանագրությունները չեն կարող ստորագրվել այս տեսքով: Արդեն մեկ ամիս է` այս պահանջով հազարավոր մարդիկ մասնակցում են բողոքի ակցիաների: Հանրապետության հրապարակից, որ վերջին շաբաթներին վերածվել էր բողոքի ամբիոնի, մեկնարկեց բազմահազարանոց երթ` դեպի նախագահական նստավայր:

Ամիրյան փողոցն ու Մաշտոցի պողոտան ծայրից ծայր լեցուն է մարդկանցով: «Ոչ մի զիջում թուրքերին», «Նախագահ, մի զիջիր» կոչերով եւ պաստառներով շուրջ 60 հազար հոգի մեկ մարդու նման շարժվում է Բաղրամյան փողոց: Երթի մասնակիցներին իրենց զորակցությունն ու միասնականությունն են հայտնում նաեւ մայթերին հավաքված մարդիկ: Երթին միացել են մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, շարքային քաղաքացիներ:

Օրեր շարունակ ցուցարարները փորձում էին հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների մեջ քողարկված նախապայմանների ու վտանգների վրա հրավիրել հայրենակիցների եւ իշխանությունների ուշադրությունը: Սթափության կոչ էին հնչեցնում նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցները: Պաստառներով, դրոշներով ու բացականչություններով լեցուն քաղաքի կենտրոնական փողոցները, հակառակ շատ պնդումների, վկայում են, որ մարդիկ անտեղյակ եւ անհաղորդ չեն իրենց ապագային վերաբերող գործընթացներին:

Արձանագրությունների դեմ նախաձեռնված ստորագրահավաքին միայն Հանրապետության հրապարակում մասնակցել էր շուրջ 60 հազար մարդ: Այս ստորագրահավաքի արդյունքներն ու երկրի ղեկավարին ուղղված` Հայաստանի շահերը ոտնահարող քաղաքականությանը վերջ տալու պահանջով հայտարարությունը, որին միացել են 12 կուսակցություններ եւ ավելի քան 60 հասարակական կազմակերպություններ, հանձնվեց նախագահի աշխատակազմի ղեկավարին:

Անընդհատ մեծացող բազմությունը համառ ու անզիջում կոչերով շարժվեց Ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր` մասնակցելով հանրահավաքի:

«Երկիր Մեդիա»


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն