Թուրքիայում` նույնիսկ մեկ խոսքը կարող է ճակատագրական լինել
Փարիզում ինը տարի առաջ վախճանված երգիչ Ահմեդ Քայաի կինը` Գյուլենթ Քայան, վերջերս հանդես է եկել մի հայտարարությամբ, ուր վստահաբար ասում է, որ եթե իր ամուսինը ժամանակին չհեռանար Թուրքիայից, ապա կարժանանար Հրանտ Դինքի ճակատագրին:
Ահմեդ Քայան, (որի հարը ազգությամբ քուրդ էր, իսկ մայրը` թրքուհի) 10 տարի առաջ երգի միջազգային մրցանակաբաշխություններից մեկի ժամանակ հայտարարել էր, որ ինքը «քրդերեն է երգելու»: Այս նախադասությունը նրա համար դարձավ ճակատագրական: Երգիչն ստիպված էր հեռանալ հայրենիքից և բնակվել Փարիզում:
Այսօր Գյուլենթ Քայան նաև համոզված հայտարարում է, որ Հրանտ Դինքի սպանության իրականացման գործում մեծ դեր են խաղացել թուրքական լրատավամիջոցները: Նա հայտարարել է, որ թուրքական ԶԼՄ-ով տարածվող լուրերը «երեխաներին մարդասպաներ են դարձնում»: Ինչպես Դինքին, այնպես էլ իր ամուսնուն` Ահմեդ Քայաին, բազմիցս են սպառնացել սպանել: Նույնիսկ ցինիկաբար հարցրել են, թե ի՞նչ մահ է նախընտրում: Ավելին, Ահմեդը նաև զինված հարձակման է ենթարկվել, ու հրաշքով է փրկվել: Ըստ Գյուլենթ Քայաի, եթե Ահմեդը չբնակվեր Փարիզում,, այլ գտնվեր Ստամբուլում, ապա Դինքի նման «Էրգենեքոնի» զոհն էր դառնալու, ապա շարունակում, որ եթե Դինքն իր ամուսնու նման հեռանար Թուրքիայից, ապա չէր դիմանա հայրենիքի` Արևմտյան Հայաստանի, կարոտին:
Թուրքիան պատկանում է այն երկրների շարքին, որտեղ Հ. Դինքի նման մարդիկ տեղ չունեն: Հանուն արդարության իրենց ձայնը բարձրացրած բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին այս երկրում վիճակված է` կամ լքել հայրենիքը, կամ էլ դառնալ թուրք ազգայնամոլների զոհը:
Այս ամենից հետո զավեշտ է, երբ թուրք ղեկավարները հրապարակավ զարմանում են, որ իրենց երկրում «Էրգենեքոնի» նման ազգայնամոլական կազմակերպություններ են գործում, որոնցում ըմնդգրկված չափահաս երիտասարդներն իրենց սուրբ պարտքն են համարում Թուրքիայում բնակվող բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների դեմ դաժան սպանությունների իրականացումը
Քրիստինե ՄԵԼՔՈՆՅԱՆ
Թեգեր` Գյուլենթ Քայան, Թուրքիա












