Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Թուրքական իշխանությունները փոխանցումով են խաղում

Հոկտեմբեր 10, 2009թ. 14:50

Որքան մոտենում է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման պահը, այնքան  երկու երկրներում ավելի է մեծանում լարվածությունը:

Այս առումով, վերջին երկու օրերին,  իսկական տեղեկատվական դեմարշ են կազմակերպել թուրքական իշխանությունների առաջին  դեմքերը: Նախ` Աբդուլլահ Գյուլը հարցազրույց է տալիս ֆրանսիացի լրագրողներին, հետո վարչապետ Էրդողանը ծավալուն հրապարակմամբ հանդես է գալիս ամերիկյան հայտնի «The wall street journal» ամսագրում, իսկ հոկտեմբերի 8-ի երեկոյան առանձին ելույթ ունեցավ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Տողատակերով մատուցվող մեսիջներ` այսպես կարելի է բնորոշել թուրք իշխանականների հայտարարությունները: Սակայն թուրքական   մեսիջները հասցեագրվում են ոչ միայն հայկական կողմին, այլև ողջ միջազգային հանրությանը: Այսպես. հոկտեմբերի 7-ի երեկոյան ֆրանսիացի լրագրողներին Աբդուլլահ Գյուլն ասել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավորություն կտա արագ կարգավորել նաև երկու ժողովուրդների միջև առկա կնճռոտ հարցերը: Թուրքիայի նախագահը չի խուսափել նշել, որ «արձանագրություններով նախանշված պատմական ենթահանձնաժողովն նախ և առաջ քննելու է առաջին աշխարհամարտի  տարիներին Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած դեպքերը»: Թուրքերն այսպիսի բնորոշում են տալիս Հայոց Ցեղասպանությանը: Գյուլի հայտարարությունից  ժամեր անց` «The wall street journal» ամերիկյան ամսագրում հրապարակվել է Ռեջեփ Էրդողանի ծավալուն հարցազրույցը:

Հրաժարվելով   տողատակերի «քաղաքականությունից»` այս անգամ Էրդողանը կոչ է անում. «Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին նշանակված արձանագրությունների ստորագրմանը պետք է ներկա լինեն նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները»: Ու չնայած Թուրքիայի վարչապետը բացառում է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների փոխկապակցումը, բայց Մինսկի խմբին ներգրավելով գործընթացին, փաստորեն, հող է նախապատրաստում հայ-թուրքական բանակցությունների ադրբեջանական կողմի մասնակցության համար:

Խոսելով Արձանագրությունների ստորագրումը խոչընդոտող հնարավոր գործոնների մասին` Էրդողանը նշում է, որ խոչընդոտ կարող է առաջանալ միայն այն դեպքում, եթե Հայաստանը ցանկանա փոփոխություններ մտցնել տեքստում: Դրանով  հանդերձ, Թուրքիայի վարչապետը ոչ մի երաշխիք չի տալիս, որ հայ-թուրքական բանակցային հարաբերությունները կվերաճեն դիվանագիտականի. «Ես այդ հարցում ոչինչ չեմ կարող երաշխավորել, քանի որ, օրինակ, Անկարայում Արձանագրությունների վավերացման հարցն անցկացվելու է փակ քվեարկությամբ»:

Վարչապետի խոսքը շարունակել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Մամուլի ասուլիսի ժամանակ Ահմեդ Դավութօղլուն համոզմունք է հայտնել, որ արձանագրություններն անպայման կստորագրվեն, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ժամկետներն էլ կհայտարարվեն Ցյուրիխում:

Եվ վերջում, որպեսզի հայկական Սփյուռքի պահանջները մաս չկազմեն հայկական դիվանագիտության, Դավութօղլուն նախազգուշացնում է` «Նախագահ Սերժ Սարգսյանին մենք սպասում ենք Թուրքիայում հոկտեմբերի 14-ին: Բայց` առանց որևէ նախապայմանի»:

Նաիրի Հոխիկյան


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն