Բացարձակ ճշմարտություններն ապացուցման կարիք չունեն
Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին նախաստորագրված արձանագրությունը նախանշում է` իրականացնել պատմական հարթության երկխոսություն, այդ թվում պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրություն, դրանց միջոցով գոյություն ունեցող խնդիրները հստակեցնելու և առաջարկներ ձևակերպելու համար:
Ի՞նչ արխիվների ու փաստաթղթերի ուսումնասիրման մասին է խոսքը, ի՞նչ պետք է հստակեցվի. պատմական անհերքելի իրողությո՞ւնը, որի անունն է Հայոց Ցեղասպանություն, թե՞…
Բացարձակ ճշմարտություններն ապացուցման կարիք չունեն: Հայոց Ցեղասպանության ամենահզոր վկան ու «փաստաթուղթը» աշխարհասփյուռ հայ ժողովուրդն է, նրանք հետնորդն են թուրքական յաթաղանից մազապուրծ արևմտահայության, որոնց հոգում դեռ մխում է կորսված հայրենիքի ցավը, և բնիկի իրավունքով ապրում են իրենց պապերի հայրենիքը մի օր վերագտնելու, այնտեղ վերստին արմատներ ձգելու հույս-երազանքով:
Բայց… թողնենք խնդրի զգայական կողմն ու, այնուհանդերձ, պարզենք, թե այդ ի՞նչ հանձնաժողովի ստեղծման մասին է խոսվում արձանագրություններում, մանավանդ, երբ Թուրքիայի նախագահ Գյուլն արդեն իսկ իրեն իրավունք է վերապահել հայտարարել, թե ստեղծվելիք հանձնաժողովում քննվելու են «1915-ի դեպքերը»: Թերևս թուրք բարձրաստիճան պաշտոնյան ցանկություն ունի, որ մերօրյա Թուրքիան ևս վերահաստատի այն, ինչը 1918-ին իրականացրեց թուրքական ռազմական դատարանը` դատապարտելով երիտթուրքերին` հայկական ջարդերի կազմակերպման ու իրականացման համար, և երբ Թուրքիայի պետական քարտուղարն անձամբ վավերացրեց Արևմտյան Հայաստանի յոթ նահանգները հաստատող փաստաթուղթը…
Թուրքիայի ու Հայաստանի միջև ստորագրվելիք արձանագրությունների, նաև վերոնշյալ իրողությունների մասին իր կարծիքն ու տեսակետն է մեզ հետ կիսում
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ ՍՏԵՓԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ:
Սահմանը պետք է բացվի, բայց…
-Իհարկե, հարևանների միջև սահմանների բացումը դրական երևույթ է, դրանում ոչ մի խոսք: Սակայն ի՞նչ պայմաններով բացել սահմանը և ի՞նչ շահել դրանից: Ամբողջ խնդիրն այն է, թե որ կողմն ինչ է շահում: Մենք ոչ մի նախապայման չենք դրել թուրքերի առջև, մինչդեռ նրանք մեր առջև երեք նախապայման են դրել: Նրանք շատ խորամանկ են: Թուրքական դիվանագիտական խորամանկությունը շատ նենգ կողմեր ունի:
Վերջապես, Թուրքիայի դաշնակիցներից ո՞ւմ կարելի է համարել հայամետ: ԱՄՆ-ը, իր շահերից ելնելով, առաջին հերթին պաշտպանում է Թուրքիային: Բ. Օբաման իր հայ ընտրողներին խոստացել էր, թե`ընտրվելու դեպքում անպայման կճանաչի հայերի Ցեղասպանությունը: Գնաց Թուրքիա` Ցեղասպանություն բառը մոռացել էր: Եվ օգտագործեց «Մեծ Եղեռն» արտահայտությունը: Ինչո՞ւ էր վախենում թուրքերից: Ինչքան էլ Թուրքիան իր դաշնակիցը լինի, չէ՞ որ ցեղասպանության իրողությունը պատմական ճշմարտություն է, որն ամրագրել են նաև ԱՄՆ 50 նահանգներից 43-ը: Ուստի, մի՞թե չենք կարող այսօր արդեն ասել, որ ԱՄՆ-ը ճանաչել է հայերի Ցեղասպանությունը:
Փաստաթղթեր ներկայացնելու ժամանակն անցել է
Արձանագրությունում նշվում է, որ պետք է պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական անկողմնակալ ուսումնասիրություն կատարվի: Ի՞նչ պետք է պարզեն արխիվային այդ փաստաթղթերով, և ո՞ր արխիվները պետք է ուսումնասիրվեն: Մենք ունենք հայերի Ցեղասպանությունը հաստատող հազարավոր փաստաթղթեր: Միայն գերմանական արխիվներում, որտեղ ես աշխատել եմ և եղել առաջին հայ պատմաբանը, ով մուտք է գործել այնտեղ, իմ հաշվարկներով մոտ 3 հազար փաստաթուղթ կա` հայկական հարցի և Հայոց Ցեղասպանության մասին: Դրանցից, իմ կարծիքով, օգտագործված են 2 հազարը: Իսկ ինչքա՞ն փաստաթղթեր կան անգլիական, ֆրանսիական, ամերիկյան արխիվներում ու գրադարաններում: Ես միայն չգիտեմ, թե թուրքական արխիվներում որևէ բան պահպանվա՞ծ է: Եթե պահպանված էլ լինեն, անշուշտ, դրանք հասու չեն լինի ոչ ոքի: Վերջապես` մեր ինչի՞ն են պետք նրանց արխիվները, եթե…
1919-1920 թ.թ. Թուրքիայում տեղի ունեցավ զինվորական դատարանի դատավարություն, որտեղ երիտթուրքերի պարագլուխները մեղադրվում էին հայերի թալանի ու կոտորածի մեջ: Այն ժամանակ «ցեղասպանություն» բառը չկար, «հայերի կոտորածներ» արտահայտությունն էր շրջանառվում: «Ցեղասպանություն» բառը շրջանառության մեջ է մտել ծագումով հրեա Ռաֆայել Լեմկինի կողմից, ով այդ իրողության կառուցվածքը բացատրելու և ներկայացնելու համար ուսումնասիրել է հայերի ցեղասպանությունը:
Եվ այն ժամանակ գլխավոր մեղավորներին` Էնվերին, Թալեաթին, Ջեմալին, դատարանը որոշեց… մահապատժի ենթարկել: Հետագայում նրանք փախան երկրից: Եվ, կարելի է ասել, նրանց դատավճիռն իրականացրեցին հայ վրիժառուները:
Այդ դատավարության ժամանակ ամեն ինչ պարզվեց, և թուրքական ռազմական դատարանն իր արձանագրություններում հաստատեց, որ եղել է Հայերի Ցեղասպանությունը: Թող թուրքերն իրենց փաստաթղթերով փարատեն իրենց կասկածները, բայց փաստաթղթեր ներկայացնելու ժամանակն անցել է: Հազարավոր պատմաբաններ, ցեղասպանության վկաներ, աշխարհի 20 պետություններ հազարավոր փաստաթղթերով հաստատել են հայերի ցեղասպանության փաստը: Եվրոպական խորհրդարանն է ընդունել այն: Եվ այսքանից հետո ի~նչ իմաստ ունի նոր սերնդի պատմաբաններ հրավիրել, որպեսզի նրանք ուսումնասիրեն և կարծիք հայտնեն պատմականորեն վաղուց արդեն ապացուցված իրողության մասին:
Հիմա Ցեղասպանության հետևանքների վերացման ժամանակաշրջանն է
Եթե նրանք նորմալ մտածելակերպ ունենային և ասեին` եկեք պատմաբաններին հրավիրենք և քննարկենք Ցեղասպանության հետևանքների վերացման խնդիրը, սա արդեն ավելի ճիշտ կլիներ: Ցեղասպանության գլխավոր հետևանքը 1,5 մլն հայերի նահատակությունն էր: Իսկ նահատակված հայերին չենք կարող վերակենդանացնել, սակայն… Ցեղասպանության ամենակարևոր հետևանքներից մեկն էլ այն է, որ դրա պատճառով հայությունը զրկվեց իր պատմական հայրենիքի մեծ մասից` 90%-ից, Արևմտյան Հայաստանից, էլ չեմ ասում` Կիլիկիայից: Որպես հետևանքի վերացում պետք է դիտարկվի կորցրած հայրենիքը վերադարձնելու խնդիրը: Իհարկե, ճիշտ կլիներ, որ պահանջներ ներկայացվեին այս տեսանկյունից: Սակայն մենք ասում ենք` գոնե թող վերադարձնեն Սևրի պայմանագրով հաստատագրված տարածքները: Բայց Սևրի պայմանագրից առաջ Ռուսաստանի ժողովրդական կոմիսարների խորհուրդը 1917թ. դեկտեմբերի 29-ին, Լենինի ստորագրությամբ ընդունեց դեկրետ` Թուրքա-Հայաստանի մասին: Այնտեղ հստակ հռչակվում է, որ Արևմտյան Հայաստանը կամ Թուրքա-Հայաստանը պետք է դառնա անկախ պետություն, այսինքն` ազատագրվի թուրքական տիրապետությունից: Դա էլ շատ կարևոր փաստաթուղթ է, և այն ոչ ոք չեղյալ չի համարել:
Արձանագրություններում տեղ գտած նշյալ դրույթը բացարձակ ավելորդ է: Եթե համաձայնվենք այդ կետի հետ, մենք, փաստորեն, պետք է ծաղր ու ծանակի ենթարկենք 1,5 մլն նահատակների հիշատակը: Դա ընդունելի չէ, այդպիսի կետ չպետք է թույլ տրվեր: Քայլեր անելուց առաջ թող նախ մեր պատմաբաններին հարցնեին` այդպիսի կետի հետ համաձա՞յն եք: Եթե կարելի էր գնալ ու Սփյուռքին հարցնել, մեզ չէ՞ր կարելի հարցնել: Թող ինձ հարցնեին, կասեի, որ թուրքերը Ցեղասպանության հարցում առաջին հերթին թող համոզվեն իրենց ռազմական դատարանի դատավարության փաստաթղթերով: Մենք հազարավոր փաստաթղթեր կարող ենք ներկայացնել, բայց հիմա դրա ժամանակը չէ: Հիմա Ցեղասպանության հետևանքների վերացման ժամանակաշրջանն է: Մեր կորցրածը վերադարձնելու ժամանակաշրջանն է, և թուրքը պարտավոր է դրա շուրջ մտածել:
Փակուղի` մեր համոզմունքների ու երազանքի ճանապարհին
Բացի այդ, արձանագրությունը նախանշում է, որ թուրքական և հայկական կողմերը պետք է ընդունեն միմյանց տարածքային ամբողջականությունը և այժմյան սահմանների անխախտելիությունը: Եթե ընդունում ենք ներկայիս սահմաններն այնպիսին, ինչպիսին այսօր կան, էլ ի՞նչ պահանջատիրություն, ցեղասպանության ճանաչումն էլ ո՞ւմ է պետք: Միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչումն ինքնանպատակ չէ, այն պետք է նպատակաուղղված լինի Ցեղասպանության հետևանքների վերացմանը: Սա է կարևորագույն նպատակը:
Ասում են` «Պետությունների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը» միջազգային իրավունքի սկզբունքներ են: Բայց միջազգային իրավունքի սկզբունք է նաև «Ազգերի ինքնորոշման իրավունքը»: Ինչո՞ւ ենք սա անտեսում: Եկեք այս երկուսը միացնենք իրար: Դրանով կշահեն ոչ միայն հայերը, այլև Թուրքիայում ապրող քրդերը:Եվ նրանք կապրեն ոչ թե Արևմտյան Հայաստանի հայկական բնակավայրերում, այլև Վանա լճի հարավային մասում գտնվող պատմական Քրդստանի տարածքներում:
Նշյալ կետերի հետ համաձայնել չեմ կարող, քանի որ դրանք փակում են մեր համոզմունքների ու երազանքի ճանապարհը: Հրեաները 2 հազար տարի առաջ կորցրած իրենք հայրենիքը նորից վերադարձրին, իսկ մենք, դեռ 100 տարի էլ չի անցել, հրաժարվո՞ւմ ենք մեր ունեցածից: Հրեաների ամբողջ տարածքը 25 000 քմ/կմ է եղել, մերը` 300 000 քմ/կմ է: Այդ տարածքների մեջ պետք է մտցնել նաև Տրապիզոնը, որն, անշուշտ, հայկական նահանգ է եղել: Այն, որ Տրապիզոնը Արևմտյան Հայաստանի մաս է, ընդունել է նաև թուրքական կողմը: 1914թ. հունվարի 26-ին, երբ Ռուսաստանի և Գերմանիայի դիվանագետների կողմից Արևմտյան Հայաստանում ստեղծվեց ռեֆորմների իրականացման ծրագիր, ռուսական ծրագրում ներգրավված էին 6 նահանգները, իսկ գերմանական ծրագրում` 7-ը, այսինքն` նաև Տրապիզոնը: Գերմանական ծրագիրը ներկայացվեց թուրքական կառավարությանը, և Սայիդ Հալիմ փաշան, ով այն ժամանակ Թուրքիայի պետական քարտուղարն էր, ստորագրեց այդ համաձայնագիրը և վավերացրեց, որ Տրապիզոնը ևս մտնում է այդ նահանգների մեջ և դառնում է 7 նահանգ: Իսկ մենք գրում ենք` 6 նահանգ, ինչո՞ւ 6, եթե 7-ն է եղել: Եթե գերմանացիներն ընդունում են, թուրքերը ստորագրել են, ինչո՞ւ դա չօգտագործել:
Այն, ինչ նախատեսվում է մեզ վերադարձնել Սևրի պայմանագրով, դա Արևմտյան Հայաստանի ընդամենը 1/3-ն է, դեռ ավելի պակաս. ըստ այդմ, մեզ պետք է վերադարձվեր ընդամենը 90 հազար քմ/կմ տարածք:
Իսկ արձանագրությունների ընդունմամբ մենք կորցնում ենք մեր ազգային զգացումը, մեր հայրենասիրությունը, սա նշանակում է, որ մենք հաշտվում ենք կորցրած մեր հայրենիքի հետ:
Շրջափակումից պե՞տք է դուրս գալ
Հասկանալի է, որ թվարկված կետերն անընդունելի են, բայց սահմանի բացումը մեզ համար անհրաժեշտություն է: Սահմանը բացելով, ամեն ինչից անկախ, մենք բարոյական բավականություն կստանանք. մենք Արևելյան Հայաստանից ոտք կդնենք Արևմտյան Հայաստան: Եվ հնարավորություն կունենանք թույլ չտալ ոչնչացնել մինչ օրս դեռևս պահպանված մեր հուշարձանները: Սահմանը բացելը մեզ թույլ կտա ավելի կարճ ճանապարհով դուրս գալ դեպի Եվրոպա: Եվ վերջապես… մենք պետք է դուրս գանք այս շրջափակումից:
Գոհար ՓԻԼԹՈՅԱՆ












