Գլխավոր » Լրահոս

Թուրքիան տեղում քաղեց իր հաղթական նախաձեռնության առաջին հաղթական պտուղները

Հոկտեմբեր 11, 2009թ. 18:20

Երեկ` հոկտեմբերի 10-ի երեկոյան, հայ ժողովուրդը մի կարճատև ընթացքում սկսեց հույսեր փայփայել, թե հայկական կողմին գուցե հաջողվի վերջին պահին հրաժարվել ստորագրել արձանագրությունները` ստորագրման արարողությանը հաջորդելիք Թուրքիայի հայտարարության տեքստի հետ անհամաձայնություններ ունենալու պատճառաբանություն-պատրվակով:
Երեկ տեղեկացանք նաև, որ հոկտեմբերի 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրվել է Մոսկվա` ՌԴ նախագահ Մեդվեդևի հետ պաշտոնական հանդիպման: Շատերի մոտ ծագեց հուսադրող այն միտքը, թե արձանագրությունների ստորագրումն անորոշ ժամկետով հետաձգելու հայկական կողմի անսպասելի նախաձեռնությունը` հետևանք է Ռուսաստանի միջամտության: Բայց առայժմ մի կողմ թողնենք այս խնդրում Ռուսաստանի դերակատարության հարցը:
Սակայն, հայկական կողմն ամենևին իր առջև խնդիր չէր դրել վերոնշյալ պատճառաբանությունն առաջ քաշելով` հրաժարվել արձանագրությունների ստորագրումից: Հակառակ դեպքում, կցուցաբերեր հետևողականություն, չհամաձայնելով թուրքական կողմի հնչեցրած հայտարարության տեքստում տեղ գտած մտքերին, կփորձեր վիժեցնել պարտադրված ստորագրումը` գոնե առժամանակ:
Ինչպես այնուհետև հաղորդեցին հայկական լրատվամիջոցները, հայկական կողմի` թուրքական հայտարարության տեքստի դեմ առարկությունը հիմնականում կապված էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հիշատակման հետ:
Սակայն ՀՀ ԱԳ նախարարն ընդդիմացավ ոչ այն պատճառով, որ արձանագրություններն իրականում չեն առնչվում Արցախյան հակամարտության խնդրին (քանի որ առնչվում են), այլ այն, որ հիշյալ հայտարարությամբ վերստին հաստատվում էր առկա մտավախությունը` արձանագրությունների ու Արցախյան հիմնահարցի փոխկապակցվածության մասին: Իսկ այդ փաստը բարձրաձայնող հայտարարությունը քաղաքականապես էլ ավելի վտանգավոր կլիներ ՀՀ իշխանությունների համար` հայ հասարակության շրջանում` թե´ տանը, թե´ Սփյուռքում: Չէ՞ որ նրանք, արձանագրությունների շուրջ ծավալվող քննարկումների ողջ ընթացքում, պնդում ու հավաստիացնում էին հայ ժողովրդին, թե հայ-թուրքական արձանագրությունները կապված չեն Արցախյան հիմնահարցի հետ (ինչպե՞ս կարող են կապված չլինել, եթե այդ արձանագրությունների հիմքում դրված է Հայկական հարցը թուրքական սցենարով վերջնականապես լուծելու, ավելի ճիշտ` փակելու խնդիրը, իսկ Արցախյան հիմնախնդիրը Հայկական հարցի անքակտելի մասն է):
Թերևս միայն այս պատճառով է հայկական կողմը ցանկացել վերափոխել Թուրքիայի կողմից արվելիք հայտարարության տեքստը: Հակառակ դեպքում, դե, ե´կ, արտգործնախարար` ոլոր-մոլոր «դիվանագիտություն» բանեցնելով փորձիր արդարանալ ողջ հայ ժողովրդի առաջ, թե ինչու թուրքերը որոշեցին ու հնչեցրեցին նման բովանդակությամբ հայտարարություն, գուցե դարձյալ «մեղավոր» կհայտարարվի անհաջող թարգմանությո±ւնը:
Ինչևէ, Նալբանդյանի դժգոհությունը թուրքական հայտարարության տեքստից պայմանավորված էր` ակնհայտը հայ ժողովրդին առավել ակներև չդարձնելու մտավախությամբ:
Իսկ թուրքական կողմն արդեն ունի այն, ինչ ցանկանում էր ունենալ` ստորագրված արձանագրություններ: Հայկական կողմի «ցասումը» սանձահարելու նպատակով, Թուրքիան իրեն կարող էր թույլ տալ ընթերցվելիք հայտարարության (որն, ի տարբերություն արձանագրությունների, փաստաթուղթ չէ) տեքստում, շեշտադրումների որոշակի մեղմացում ներմուծել: Բայց, փոխարենը, ցուցաբերեց համառ սկզբունքայնություն` չանել որևէ հայտարարություն, եթե տեքստը պետք է փոքր-ինչ տարբերվի իրենց մշակած նախնականից: Այս ամենը խոսում է այն մասին, որ թուրքական կողմն արժանապատվորեն է վերաբերվում իր պետականությանն ու ազգային-պետական խնդիրներին:
Եթե հայկական կողմն իրոք լուրջ անհամաձայնություն և առարկություններ ուներ թուրքական հայտարարության բովանդակության կապակցությամբ, ապա կարող էր պայքարել այն շտկելու համար (թեև հայտարարությունը չէր կարող արձանագրություններից ավելի վատը լինել իր բովանդակությամբ ու հատկապես` հետևանքներով): Փոխարենը համաձայնեց` «ոչ մի հայտարարություն» հանգուցալուծմանը:
Սակայն, հայտարարություն չանելն ամենևին չի փոխում արդեն ստորագրված արձանագրությունների նկատմամբ թուրքական կողմի դիրքորոշումը, ընթերցումն ու մեկնաբանությունը: (Արձանագրությունների` թուրքական կողմի մեկնաբանությունները, փաստորեն, նույնն են, ինչպիսին հայ ժողովրդի մեծամասնության մտահոգություններն են, այսինքն, հրաժարում Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչման ու դատապարտման գործընթացից, և արցախյան հիմնախնդրի ադրբեջանամետ լուծում: Պաշտոնական Անկարան և աշխարհասփյուռ հայության մեծ մասը նույնկերպ են ընթերցում և ընկալում այդ փաստաթղթերը. տարբերվում է միայն պաշտոնական Երևանի ընթերցումը): Դրանք պարզապես մնում են այդ պահին չհրապարակված դիրքորոշում, ընթերցում և մեկնաբանություն, ինչն է´լ ավելի վտանգավոր է, և արդեն իսկ պիտի առիթ տա հայ ժողովրդին` առավել մեծ անվստահություն հայտնել Թուրքիայի իրական մտադրությունների և ողջ գործընթացի նկատմամբ, եթե այդ անվստահությունը դեռևս չի ձևավորվել:
Անհանգստացնող է նաև այն փաստը, որ ստորագրման արարողության ժամանակ անհամաձայնություն է ծագել կողմերի միջև` այդ փաստաթղթերի ընթերցման, մեկնաբանման հարցում: Իրավական փաստաթղթի հաջողված լինելու պարտադիր պայման է հանդիսանում այն, որ փաստաթղթի կետերը պետք է լինեն միանգամայն հստակ, աներկբա և զերծ տարընթերցման հնարավորությունից: Եթե դրանցում կան անհստակություններ, ուրեմն, այն չմշակված և, պարզապես, վատ փաստաթուղթ է: Նման դեպքերում ուժեղ կողմը` փաստաթղթային անհստակություններն ու տարընթերցումները, միանշանակորեն, օգտագործում է ի նպաստ սեփական շահերի: Իսկ հայ-թուրքական հակամարտության գերուժեղ կողմը Թուրքիան է…
Ամենայն հավանականությամբ, ստորագրմանը հաջորդելիք հայտարարություններից հրաժարվել է հե´նց Թուրքիան` չցանկանալով որևէ փոփոխություն մտցնել իր հայտարարության նախնական տեքստում` երիցս ցուցաբերելով նախանձելի պետական, քաղաքական, ազգային արժանապատվություն ու սկզբունքայնություն: Այո, ազգային արժանապատվությունը քաղաքական կարեգորիա է, որի դեֆիցիտը կարող է կործանել ցանկացած պետության ու հասարակության:
Խիստ կասկածելի է, որ հայտարարություններ անելու ընթացակարգից հրաժարված լինի հայկական կողմը, քանի որ եթե վերջինիս կարողացել են բազմապիսի ճնշումներով, հորդորներով ստորագրել տալ նման պարտվողական, կործանարար փաստաթղթի տակ, ապա ցանկության դեպքում հաստատ կկարողանային պարտադրել նաև ստորագրմանը հաջորդելիք համատեղ հայտարարության ձևական (չպարտավորեցնող) ակտը: Թեև չի բացառվում նաև, որ` «ոչ մի հայտարարություն» լուծումը սիմվոլիկ «զիջում էր» արված հայկական կողմին, վերջինիս քաղաքական դիրքերը հայ հասարակության շրջանում առավել չթուլացնելու նպատակով:
Ամեն դեպքում, արձանագրենք փաստը. թուրքական դիվանագիտությունը հենց տեղում քաղեց իր հաղթական, կապիտուլյացիոն նախաձեռնության առաջին հաղթական պտուղը, արձանագրությունների ստորագրումից ընդամենը հաշված րոպեներ անց:
Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն