Անկարան փորձում է մեղմել Ադրբեջանի զայրույթը
Հայ- թուրքական Արձանագրությունների ստորագրման հետ կապված Թուրքիայում հնչող առաջին գնահատականները հիմնականում ուղղված էին Ադրբեջանին:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նախ հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում իրսկանացվել է առաջին քայլը, որից իրենք մեծ բավարարվածություն են ստացել: Սակայն դրանով հանդերձ Էրդողանը համոզված է, որ Մեջլիսը փաստաթղթերը կվավերացնի միայն այն դեպքում, երբ կլուծվի Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը: Այսինքն, Թուրքիան այլևս բացահայտորեն հայտարարում է, որ հայ-թուրքական հարաբերությունները սերտորեն փոխկապակցված են ղարաբաղյան հիմնախնդրին:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայն իր հերթին հայտարարել է, որ հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելով Թուրքիան ամրապնդում է իր դիրքերը տարածաշրջանում և հնարավորություն է ստեղծում ղարաբաղյան խնդրի լուծման համար:
Տեղեկացնենք, որ այս հայտարարությունները հնչել են այն պահից հետո, երբ պաշտոնական Բաքուն արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո իր բողոքն հայտնեց ու շեշտեց, որ եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն մինչ հայկական զորքերի գրավյալ տարածքներից դուրս բերումը, ապա դա նշանակում է, որ Թուրքիան գործում է ի վնաս Ադրբեջանի ազգային շահերի: Ադրբեջանի արտգործնախարարությունը վստահեցնում է, որ դա մեծ հարված կհասցնի Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններին. «Ադրբեջանը չի հանդուրժի նման վերաբերմունքը»:
Նման ամպագոռգոռ հայտարարություններին զուգընթաց, Բաքուն միաժամանակ հայտարարում է, թե դեռ հավատում է պաշտոնական Անկարայի խոստումներին:
Քրիստինե Մելքոնյան












