Գլխավոր » Լրահոս

Արտասահմանյան մամուլի արձագանքները

Հոկտեմբեր 12, 2009թ. 12:11

mamul2Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները մեծ արձագանք ստացան օտարերկրյա ԶԼՄ-ների կողմից:

Ամերիկյան մամուլը կարծիք է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրականորեն կանդրադառնա Կովկասում խաղաղության հաստատման գործընթացի վրա: «Washington Post» թերթը գրել է, որ արձանագրությունները ստորագվեցին միմիայն պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջամտության արդյունքում: «Ստորագրման ձգձգումը մեկ անգամ ևս ցույց տվեց այն անվստահությունը, որ կողմերը ցուցաբերում են  միմյանց նկատմամբ: Այժմ երկու երկրների առջև դրված է արձանագրությունների վավերացման դժվարին խնդիրը»:

«New York Times»-ը ևս շեշտում է, որ «Ճգնաժամը լուծվել է շնորհիվ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ջանքերի»:

«CNN» հեռուստաալիքը փոխանցում է, որ ելույթների հետ կապված տարաձայնությունը կարող էր պատճառ  հանդիսանալ արձանագրությունների չստորագրմանը: Խոսելով հայ-թուրքական դարավոր թշնամանքի մասին, CNN-ի լրագրողն ընդգծել է, որ Ցյուրիխում  գտնվող միջազգային դիվանագետները հայտնվել էին բավական ծանր իրավիճակում, նրանք հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկեցին տարաձայնությունը հարթելու համար և իրականություն դարձրեցին արձանագրությունների ստորագրումը:

Ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ Ռուսաստանը պատրաստվում է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը:  «РИА Новости» տեղեկատվական գործակալությունը   հաղորդում  է, թե այս արձանագրությունների ստորագրմամբ  վերջ դրվեց Հայաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող  թշնամանքին:

Բրիտանական մամուլը ևս լայնորեն լուսաբանել է   հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ կատարված քայլը` արձանագրությունների ստորագրումը: «Guardian» թերթը գրում է, որ ստորագրվել են փաստաթղթեր, որոնք վերջ կդնեն հայ-թուրքական թշնամանքին և ճանապարհ կհարթեն հարաբերությունների կարգավորման համար: «Երեքժամյա սպասումը և վերջին վայրկյանին ծագած տարաձայնությունը լարվածության մեջ են պահել ներկաներին: Սակայն տեղի ունեցածը թուրքերին մեկ անգամ ևս ցույց տվեց, որ Հայոց Ցեղասպանության հարցը հեշտ լուծելի չէ»:

«Times» թերթն այսկերպ է արձագանքում, թե`  «Աշխարհի չեմպիոնատի եզրափակիչ փուլում ֆուտբոլային դիվանագիտության մեջ համաձայնություն հաստատվեց»:

Բրիտանական «BBC»-ի լրատվական ծառայությունը   տեղեկացնում է. «Երկու երկրները ստորագրեցին արձանագրություններ` Մեծ տերությունների հայացքի ներքո», միաժամանակ շեշտելով, որ այդ նույն պահին համալսարանի դիմաց  հայերը բողոքի ցույցեր էին անցկացնում:

Ֆրանսիական «Le Figaro» թերթը գրել է, թե դարավոր թշնամանքից  հետո երկու երկրները, ի վերջո, ստորագրելով արձանագրությունները, հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ:

«Liberation»-ն էլ վստահեցրել է, որ արձանագրությունների ստորագրումը ձեռնտու է երկու երկրներին. «Թուրքիան հնարավորություն է ստանում առաջընթաց գրանցել Եվրամիության անդամակցության ճանապարհին, իսկ Հայաստանը` թևակոխել շրջափակումը»:

Իսպանական թերթերը ևս մեծ տեղ են հատկացրել ցյուրիխյան իրադարձություններին: «El Pais» պարբերականը գրում է. «Երկու երկրները վերջ դրեցին դարավոր թշնամաքին, արձանագրությունները  ռազմավարական կարևոր նշանակություն ունեն Կովկասի նավթը և գազը Եվրոպա տեղափոխելու համար»:

«El Mundo» և «La Vanguardia» թերթերը, հետևելով ընդունված տեսակետին, իրենց հերթին դարձյալ խոսում են դարավոր թշնամանքի վերացման և տարածաշրջանում կայունության հաստատման մասին:

Այս լրատվամիջոցների արձագանքից ակնհայտ երևում է, որ միջազգային հանրությունը ոգևորված է հայ-թուրքական  արձանագրությունների ստորագրմամբ, քանզի այն նախ և առաջ բխում է իրենց շահերից. ի վերջո, նրանք կկարողանան իրականացնել իրենց գլխավոր նպատակը` Կովկասի նավթը և գազը տեղափոխել Եվրոպա: Այդ լրատվամիջոցներն այնքան են ոգևորված, որ փորձում են իրենք իրենց  հավատացնել, թե այդ քայլով հնարավոր է վերջ դնել երկու երկրների միջև գոյություն ունեցող դարավոր թշնամանքին:

Ասենք, որ վերոնշյալ այս բոլոր լրատվական ծառայություններն անդրադարձել են նաև Հայոց Ցեղասպանության խնդրին ու արձանագրությունների ստորագրմանը դեմ արտահայտվող հայկական սփյուռի և Ադրբեջանի արձագանքներին:

Սփյուռքում հրատարակվող հայկական  լրատվամիջոցները հայտարարում են, որ արձանագրությունները միակողմանի բնույթ են կրում: Հոդվածագիրները  տեղի ունեցածը գնահատում են որպես հայերի դժբախտություն և թուրքերի հաջողություն:  Շվեյցարիայի հայկական ֆեդերացիան պաշտոնապես տեղեկացրել է, որ արձանագրությունները խզեցին հարաբերությունները Հայաստանի ու Սփյուռքի միջև, և վերջինս կդադարի ֆինանսավորել Հայաստանին:

Ք.Մ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն