Գալուստ Սահակյան.« Սահմանները Թուրքիան պետք է բացի»
«ՀՀ խորհրդարանում Արձանագրությունները կքննարկվեն միայն ու միայն, երբ Թուրքիայի խորհրդարանը քննարկի և ընդունի որոշում: Ըստ էության, սահմանները Թուրքիան պետք է բացի: Եթե վարչապետ Էրդողանի հայտարարությունը վերլուծելու լինենք, նա ասաց, որ մինչև տարեվերջ սահմանը կբացվի և, կարծում եմ, ողջամիտ ժամանակը այդտեղ պետք է փնտրել», – նման հայտարարությամբ այսօր ասուլիսում հանդես եկավ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
Ըստ նրա, խնդրի ծավալները և նշանակությունն այնքան մեծ է, որ չի կարելի առաջ ընկնել:
«Եթե Թուրքիան որևէ վերապահումներ ենթադրի, մեր խորհրդարանը նույնիսկ օրակարգ չի մտցնի: Իսկ եթե հաստատի այնպես, ինչպես մենք ենք ներկայացնում, բնականաբար, կոալիցիոն ուժերը` մասնավորապես Հանրապետականը, կգնա վավերացման»: Գալուստ Սահակյանը նշեց, որ ՀՀ նախագահի ուղերձը այն սահմանագիծն է, որով մեր դիվանագիտությունը պետք է կարողանա քննարկել և դիվանագիտական հարաբերություններ հաստատել:
Սահակյանը դրական գնահատեց Դաշնակցության բողոքները , որն, ըստ պատգամավորի, օժանդակում է մեր երկրի դիվանագիտական գործունեությանը:
«ՀՅԴ-ն մտահոգություններ ունի և այդ տեսքով իր մտահոգությունն է հայտնում հայությանը և աշխարհին: Բողոքները պետք է լինեն, հրաժարականի պահանջներն էլ պետք է լինեն», – կարծիք հայտնեց Գ. Սահակյանը:
Armar.am












