Գլխավոր » Լրահոս

Սերժ Սարգսյան. «Եթե մոտակա երկու օրերին արտառոց իրադարձություններ չլինեն, ապա ես գնալու եմ Թուրքիա և սատարելու եմ իմ սիրելի հավաքականին»

Հոկտեմբեր 12, 2009թ. 13:55

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնում է Մոսկվա` հանդիպելու Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:  Նախագահն օդանավակայանում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ընդունել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի հրավերը` մասնակցելու Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների խաղի դիտմանը:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք թուրքական կողմը կատարե՞լ է բոլոր այն պայմանները, որոնք ժամանակին հնչեցրել էր երկրի ղեկավարն իր մեկնելու կապակցությամբ, Ս. Սարգսյանն ասաց. «Մենք որևէ մեկի հետ նախապայմանների լեզվով չենք խոսել, այլ հակառակը, մենք միշտ պնդել ենք, որ հարաբերությունները պետք է զարգանան առանց որևէ նախապայմանի: Այս պարագայում խոսքը գնում է բավարար նախադրյալների առկայության մասին, և կարծում եմ, որ այսօր այդ նախադրյալներն առկա են»:

«Բացի դրանից և ընդհանրապես հարաբերություններում շատ եմ կարևորվում փոխադարձ վստահության սկզբունքը: Թուրքիայի նախագահը` պարոն Գյուլն արձագանքեց իմ հրավերին և եկավ Հայաստան, և ես հիմա լուրջ հիմքեր չեմ տեսնում հրավերը չընդունելու: Իմ կոլեգան գրավոր հրավեր է ուղարկել, և եթե մոտակա երկու օրերի ընթացքում արտառոց իրադարձություններ չլինեն, ապա ես գնալու եմ և սատարելու եմ իմ սիրելի ֆուտբոլային թիմին` Հայաստանի Հանրապետության հավաքականին», – մանրամասնել է նախագահ Ս. Սարգսյանը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն