Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բարաք Օբամային։
2009 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանանալու կապակցությամբ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային։
Ուղերձում ասված է.
«Մեծարգո պարոն Նախագահ,
Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ 2009 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանանալու կապակցությամբ։
Հայաստանը մեծապես ողջունում է աշխարհում վստահության, կայունության, անվտանգության և համագործակցության հաստատմանն ուղղված Ձեր ջանքերը։ Ձեր նախագահության առաջին իսկ օրերից Դուք հանձն եք առել իրականացնել մի շարք կարեւոր և համարձակ նախաձեռնություններ, մասնավորապես` մի շարք երկարատև հակամարտությունների կարգավորման եւ տարբեր ուժերի հետ քաղաքական երկխոսության ծավալման ուղղությամբ։
Մենք վստահ ենք, որ այսօր աշխարհում գոյություն ունեցող բոլոր տարաձայնությունները և հակասությունները կարող են եւ պետք է լուծվեն հենց երկխոսության ճանապարհով, քանզի միայն երկխոսությամբ ձեռք բերված լուծումներն են բավարարում բոլոր կողմերին և դառնում կայուն ու հարատեւ։
Մենք կարևորում և գնահատում ենք նաև ԱՄՆ-ի, որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի, կառուցողական գործունեությունը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։
Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում ԱՄՆ-ի վարչակազմի և, մասնավորաես, Ձեր և պետքարտուղար Քլինթոնի ցուցաբերած հետևողական աջակցության համար, որը Դուք եւս մեկ անգամ անձամբ վերահաստատեցիք ԱՄՆ-ի հայկական համայնքների հետ իմ հանդիպումների ընթացքում կայացած մեր հեռախոսազրույցի ընթացքում։ Վստահ եմ, որ առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների վճռական աջակցության անհնարին էր լինելու արդյունավետ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։
Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն Ձեր գործունեության մեջ` հանուն համամարդկային արժեքների հաղթանակի և համաշխարհային կայունության ու անվտանգության հաստատման։
Ընդունեք, խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»։












