Գլխավոր » Լրահոս

ՀՀ ՊՆ համակարգում քննիչների թափուր հաստիքների համալրում է կազմակերպվում

Հոկտեմբեր 12, 2009թ. 15:19

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայությունն անցկացնելու է քննություն` քննչական ծառայության քննչական բաժիններում քննիչների թափուր հաստիքների համալրման, ինչպես նաև քննիչի թեկնածուների կադրային ռեզերվ ստեղծելու (ձևավորելու) համար:

Քննությանը կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով բավարարում է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով քննիչի պաշտոնում նշանակվելու համար ներկայացվող պահանջները, ստացել է բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով և  «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` տիրապետում է հայերենին:

Քննությանը մասնակցելու համար քննիչի թեկնածուն քննչական ծառայության կադրերի բաժանմունք (հասցեն` ք. Երևան, Սունդուկյան 66ա) է ներկայացնում.

1. գրավոր դիմում (տրվում է քննական հանձնաժողովի նախագահի անունով),

2. քննիչի պաշտոնը զբաղեցնելու համար համապատասխան մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները (բարձրագույն մասնագիտական կրթությունը հավաստող պետական նմուշի դիպլոմի և (կամ) օտարերկրյա պետության ուսումնական հաստատությունից ստացված`Հայաստանի Հանրապետությունում վավերական ճանաչված ավարտական փաստաթուղթ, աշխատանքային գրքույկ կամ քաղվածք-տեղեկանք աշխատանքային գործունեության վերաբերյալ),

3. անձնագրի պատճենը,

4. ինքնակենսագրություն (ձեռագիր),

5. տեղեկանք բնակության վայրից,

6. արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճենը,

7. 1 լուսանկար` 3X4 սմ չափի:

2-րդ, 3-րդ և 6-րդ կետերում նշված փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացվեն բնօրինակների հետ միասին, որոնք, համեմատվելուց և իսկությունը հաստատելուց  հետո, կվերադարձվեն:

Քննության մասնակիցներն իրենց հայեցողությամբ կարող են ներկայացնել նաև մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր:

Քննիչի թեկնածուին հնարավորություն է ընձեռվում քննությունից առնվազն 15 օր առաջ ծանոթանալ ծրագիր-հարցաշարին, որը կտեղադրվի ՀՀ պաշտպանության նախարարության ինտերնետային (www.mil.am) կայքում ս.թ. հոկտեմբերի 25-ից:

Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս.թ. հոկտեմբերի 30-ը ներառյալ, ամեն օր` երկուշաբթիից ուրբաթ` ժ. 10:00-ից 17:00-ն, շաբաթ` 10:00-ից 13:00-ն, բացի կիրակի օրերից:

Քննությունն անցկացվելու է ք. Երևան, Բաբայան 6 հասցեում` ս.թ. նոյեմբերի 16-ին ժամը 10:00-ին:

Տեղեկատու հեռախոսներ` 22-38-99,  29-44-11

Քննչական ծառայության կադրերի բաժանմունքի պետ` Աննա Հովսեփյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն