Ինչու՞ էր նենգորեն ժպտում Թուրքիայի ԱԳ նախարարը
ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն այսօր «Հայացք» ակումբում պարզաբանեց, թե ինչ տեղի ունեցավ Ցյուրիխում: Նա ստորագրումների հետաձգումը հետաքրքրական համարեց, քանի որ դա բացահայտեց թուրքական ռազմավարությունը, այն է` Հայաստանի հետ խաղ խաղալ և յուրաքանչյուր հնարավորության դեպքում նոր պահանջներ դնել մեր երկրի առաջ: Նա նշեց, որ հետաձգման պատճառը Թուրքիայի ԱԳՆ նախարարի վերջին պահի պրովոկացիոն ելույթն էր, որտեղ հղում էր կատարվում Ղարաբաղյան հիմնախնդրին:
Ինչպես նկատում է Ռիչարդ Կիրակոսյանը, Թուրքիան կիրառեց մի ռազմավարություն, որով փորձեց շոշափել հայկական կողմի ու միջազգային հանրության արձագանքները: Իր բանեցրած նենգ խաղից ոգևորված` Թուրքիայի ԱԳ նախարարը նույնքան նենգորեն ժպտում էր, մինչդեռ անսպասելիությունից այլայլված էր ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը:
Ռիչարդ Հովհաննիսյանը համոզված է, որ «թուրքական ստուգատեսը» ձախողվեց, քանի որ հայերը սպառնացին, որ կհեռանան` առանց ստորագրելու արձանագրությունները: «Շվեյցարացիներն ու ամերիկացիները շատ հիասթափված էին, որովհետև նրանք անակնկալի էին եկել թուրքական կողմի` վերջին րոպեին դրսևորած խորամանկությունից»:
Բանախոսը նշեց, որ ստորագրման գործընթացը շարունակվեց միայն այն ժամանակ, երբ Թուրքիան հրաժարվեց ստորագրությունների արարողություններից հետո իր վերջնական ելույթից:
«Նոր ճնշում կա և բարկություն` Թուրքիայի նկատմամբ, քանի որ գերտերությունների սպասումները հիմնականում այդ երկրից են»,- եզրափակեց Ռիչարդ Կիրակոսյանը:
Կարինե Պետրոսյան












