Խաղաղությունը պետք չէ որոնել այնտեղ, որտեղ այն չկա
Խաղաղապահ ասվածը ենթադրում է հակամարտության գոտում խաղաղությունը պաշտպանող: Սակայն այս դեպքում հարց է առաջանում. եթե խաղաղապահը հակամարտության գոտում պետք է պահպանի մի բան, ինչը սկզբունքորեն տվյալ տարածքում գոյություն չունի, ապա ո՞րն է նրանց նպատակը: Նպատակներից մեկը կարող է լինել այն, որ «քաղաքակիրթ» աշխարհը ցույց տա, թե կարող է հասնել եթե ոչ «միասնության», ապա գոնե միակարծության` խաղաղության հարցում: Սակայն այդ խաղաղությունը պետք չէ որոնել այնտեղ, որտեղ այն չկա, բայց նման քայլի գնացել է ՄԱԿ-ը 1990-ականներին` Ռուանդայում տեղակայելով բելգիացի խաղաղապահների գումարատակը, որը վճռորոշ պահին պետք է կանխեր խուտուների և տուտսիների բախումները:
Այսօր Ռուանդայում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահներին կարելի է ծանոթանալ նաև «Կրակելով շներին» գեղարվեստական ֆիլմի միջոցով, որն ամբողջովին իրական փաստերի հիման վրա է նկարված, սակայն կա մեկ մտացածին կերպար: Նշեմ, որ ցեղասպանության արդյունքում խուտուների կողմից մաչետեներով սրի է քաշվել 800.000 տուտսի միայն այն բանի համար, որ ինքը տուտսի էր կամ այլ կերպ ասած` առավել հաջողակ և թիկնեղ էր խուտուներից: Իսկ մաչետեները խուտուները գնել էին` Համաշխարհային բանկից վերցրած վարկով: Այստեղ զավեշտն այն է, որ այսօր Ռուանդայում իշխանության են տուտսիները և փակում են այն մաչետեների վարկը, որով սեփական ժողովուրդը սրի քաշվեց: Պաշտպանվելու համար` տուտսիները ապաստանում են ՄԱԿ-ի ռազմաբազայի վերածված դպրոցում, որը հետագայում շրջափակվում է խուտուների կողմից: Այն բանից հետո, երբ խուտուների կողմից սպանվում են վարչապետին պահպանող 30 բելգիացիները` ՄԱԿ-ը որոշում է կայացնում դուրս բերել զորքերը Ռուանդայից` տուտսիներին թողնելով այս դեպքում ոչ թե բախտի, այլ խուտուների սրի քմահաճույքին: Ֆիլմի սցենարի համաձայն, ռազմաբազայի վերածված դպրոցում կար մի քահանա, ում հաջողվում է մոտ մեկ տասնյակ տուտսի երեխաների կյանք փրկել: Սակայն ինչպես վերը նշեցի, կա մի մտացածին կերպար, այս դեպքում դա անձնազոհ քահանան էր, ով երեխաներին փրկելով` սպանվեց ոչ թե խուտուների մաչետեներից, այլ ատրճանակից: Քահանայի այն հարցին, թե ինչու մինչև ատամները զինված ՄԱԿ-ի զորքերը չեն ցրում մաչետեներով զինված խուտուների ոհմակը, խաղաղապահ զորքերի հրամանատարը պատասխանում է. «Մենք չենք կարող կարգուկանոն հայտարարել, մենք պետք է հետևենք դրա ընթացքին և կրակելու իրավունք չունենք, քանի դեռ նրանք չեն կրակել, այսինքն միայն պետք է պաշտպանվենք»: Իսկ տուժող կողմին պաշտպանելու համար պետք է մանդատ ստանան այն նույն ՄԱԿ-ից, որը ամենավճռորոշ պահին առանց երկմտելու զորքերը դուրս բերեց հակամարտության գոտուց:
«Կրակելով շներին» ֆիլմը ոչ բոլորին է ծանոթ: Այս հանգամանքը հաշվի առնելով` «Ժառանգ» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Վրթանեսյանը կազմակերպել էր կինոդիտում, ապա` քննարկում, որի նպատակը խաղաղապահների դերի գնահատումն էր:
«Ցուցադրության նպատակը հայ հասարակությանը միջազգային խաղաղապահների փորձին և վճռորոշ պահին «անհեռատես» որոշում կայացնելուն ծանոթացնելն էր,-ասաց ՀԿ նախագահը:- Սակայն, ինչպես ֆիլմում, հաճախ պահապան հրեշտակի տեսքով ներկայացող խաղաղապահ ասվածը հեռու է այդ իրականությունից: Ու երբ ճգնաժամային իրավիճակ է ստեղծվում` բոլոր կանոններն ու օրենքները դադարում են գործել: Մենք ուրիշների տխուր փորձից շատ բան ունենք սովորելու: Շատ դիտողների մոտ պարզապես շոկ էր սկսվել, քանի որ զարմացած էին, թե ինչպես կարող է ՄԱԿ-ի աչքի առաջ նման բան տեղի ունենալ, սակայն այն, ինչ ֆիլմում ներկայացված էր` լիովին իրականություն էր, բացի քահանայի կերպարից: Չնայած նախատեսված էր քննարկում` բոլորն այնքան հուզված էին, կարելի է ասել` խոսելու ունակությունը կորցրած, որ մենք ահմանափակվեցինք ֆիլմը դիտելով»:
Արմենուհի Կարեյան












