Դարձ՝ ի շրջանս յուր
Ցյուրիխյան ՙբեմադրության՚ մեկնաբանությունները, ինչպես և սպասվում էր, հայտնվել են համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում։Աշխարհի տարբեր լրատվամիջոցներ իրենց կարծիքն են հայտնում այդ առնչությամբ՝ ամեն մեկն առաջին հերթին, թեկուզ տողատակերով, նաև ակամա` բացահայտելով սեփական շահը։
Ոմանք նույնիսկ ցնծությամբ նկատում են, թե շուտով կբացվի Եվրոպայի վերջին փակ սահմանն ու կապահովվի սև ոսկու հոսքը դեպի քաղաքակիրթ Եվրոպա: Ասել է, թե` հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմամբ «տահոգ» աշխարհին այսօր ընդամենը մեկ բան է հուզում` հնարավորինս արագ կայունություն հաստատել տարածաշրջանում, իսկ թե դա ինչի՞ կամ ո՞ր ժողովրդի արժանապատվության հաշվին կլինի, դա արդեն նրանց համար տասներորդական խնդիր է:
Արձանագրությունների ստորագրմամբ շահագրգիռ գերտերությունների ներկայացուցիչներն ու նրանց խոսափող հադիսացող լրատվամիջոցները համառորեն նույն միտքն են արձանագրում, թե այս արձանագրություններով վերջ դրվեց Հայաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող ՙդարավոր թշնամանքին»: Խնդրի նկատմամբ անտեղյակությո՞ւն, թե՞ միամտություն դիտարկենք սա, իսկ գուցե ուղղակի ՙբարի կամքի դրսևորո՞ւմ՚: Ակնհայտ է, որ որևէ փաստաթղթով ու ստորագրությամբ հարևանների, առավել ևս պետությունների միջև եղած թշնամանքին վերջ չի տրվում: Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է հայ-թուրք հարաբերություններին, որի ակունքներում ցեղասպանություն ապրած մի ողջ ժողովրդի պատմությունն է։ Սա այն դեպքն է, երբ թշնամանքի վերացման միայն մեկ ճանապարհ կա` Օսմանյան կայսրության ժառանգորդ ժամանակակից Թուրքիան պարտավոր է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Մինչդեռ այդ վտահության վերականգնման ճանապարհին Թուրքիան դեռևս ոչ մի քայլ դեպի առաջ չի արել` շարունակելով վարել Ցեղասպանության ժխտման քաղաքականություն:
Այսօր Թուրքիայի գլխավոր նպատակն է` դեպի Եվրամիություն ՙպլստալու» ճանապարհին աշխարհի ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանության ճանաչումից` ինքն իրեն, բայց, ցավոք, նաև աշխարհին համոզելով՝ կասկածի տակ առնել պատմական ճշմարտությունը։
Եթե քաղաքակիրթ Եվրոպային անհրաժեշտ է արյունից չլվացված ձեռքերով գործընկեր, դա այլ խնդիր է։Բայց եթե Եվրամիությունը դեռևս հավատարիմ է իր սկզբունքներին, ապա եվրոպական ընտանիք մտնելու ճանապարհին Թուքիան իր սպիտակեղենը պետք է մաքրի արյունից։ Իսկ արյունը լվացվում է եթե ոչ արյամբ, ապա, անպայման, մեղքերը խոստովանելու, ընդունելու ու հետևանքները վերացնելու պայմանով։ Սրանցից և ոչ մեկին Թուրքիան առայժմ պատրաստ չէ: Ուստի, ընդամենը գործի է դրվել ժամանակ շահելու քաղաքականությունը։
Բոլոր ժամանակներում Թուրքան միշտ առաջնորդվել է քաղաքական խորամանկություններով ու նենգությամբ։ Այս դեպքում ևս պատկերը նույնն է։
Այնպես որ, Թուրքիան, ինչպես միշտ, վերադառնում է ի շրջանս յուր։
Գոհար ՓԻԼԹՈՅԱՆ












