Կիրո Մանոյան. « Արձանագրությունները միջազգային հանրության ճնշման հերթական դրսեւորում են»
Հոկտեմբերի 12-ին «Դե ֆակտո» մամուլի ակումբում ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը տեղեկացրեց, որ արձանագրությունների ստորագրման ժամանակ առաջացած տարաձայնության պատճառը միայն Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի բանավոր հայտարարությունը չի եղել։
Ըստ նրա` խնդիրը վերաբերել է Թուրքիայի կողմից արձանագրություններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ փոփոխություն կատարելու առաջարկին կամ, իրավական լեզվով ասած, վերապահության ամրագրմանը։
«Այդ փոփոխությամբ փաստաթուղթը թուրքական կողմը նախապես հանձնել է մեր պատվիրակությանը, ինչից հետո հայկական կողմը երկար ժամանակ չի գնացել ստորագրման արարողությանը»,- ասաց Կ. Մանոյանը` նկատելով, որ թեեւ հայտարարություններ չեղան, դա չի նշանակում, թե Թուրքիայի քաղաքականությունը փոխվել է, ինչի վկայությունն են մի օր հետո Թուրքիայի նախագահի, վարչապետի եւ արտգործնախարարի հակահայկական հայտարարությունները։
Իրադրությունը, փաստորեն, փրկել են միջնորդ երկրների ղեկավարները, ինչը, ըստ բանախոսի, միջազգային հանրության ճնշման հերթական դրսեւորումն է։ ՀՅԴ-ն դժգոհ է նաեւ բոլոր այն պետություններից, որոնք այդ պահին ճնշել են եւ ստիպել, որ արձանագրությունը ստորագրվի: Կիրո Մանոյանի ակնարկն առաջին հերթին ուղղված էր Հիլարի Քլինթոնին: «Տխուր իրադարձություն էր մեզ համար եւ մի քիչ սգի նման անցավ: Մենք տեսանք մեր արտգործնախարարի դեմքը, ի տարբերություն Թուրքիայի արտգործնախարարի ժպիտների»,-ասաց Մանոյանը:
Կ. Մանոյանի կարծիքով, թուրքերի` փոփոխություն կատարելու առաջարկը բավարար հիմք կարող էր լինել այդ արձանագրություններն ընդհանրապես չստորագրվելու համար։ Քաղաքական գործիչը նշեց, որ հաղթանակի կամ Հայաստանի վճռականության մասին հնարավոր կլիներ խոսել, եթե նախագահի վերջին ուղերձում արված հայտարարությունները, որոնք, ըստ էության, ոչ թե իրավական, այլ քաղաքական արժեք ունեն, որպես վերապահություն ներկայացվեին թուրքական կողմին։
«Վճռականության պակաս կա, բայց դրական շարժ տեսնում ենք։ Եթե հասարակությունը պահանջի, ինչպես պահանջեց հոկտեմբերի 9-ի երթով, եւ դա լինի շարունակական, իշխանությունները մի քիչ վճռականություն կցուցաբերեն՝ այս արձանագրությունները չվավերացնելու համար»,- ասաց Կ. Մանոյանը։
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի Թուրքիա այցելությանը’ նա ասաց. «Թեեւ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն ասել է, որ գնալու է Թուրքիա, սակայն մեր տեսանկյունից գնալու հիմք չկա, քանի որ նախագահը հայտարարել էր, որ Թուրքիա կգնա, եթե Հայաստանը գտնվի ապաշրջափակման վիճակում կամ դրա նախաշեմին»:
Բանախոսը չի ընդունում այն կարծիքը, որ պետք է սպասել թուրքական խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացմանը, ապա նոր միայն հարցը քննարկել մեր խորհրդարանում։ «Դա նշանակում է` պատանդ մնալ Թուրքիայի ձեռքին։ Իսկ Թուրքիան կարող է անընդհատ ձգձգել այդ հարցը, որովհետեւ այդ երկրի համար Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը առաջնային չէ։ Թուրքիան այսօր բավական մեծ ուժ է կենտրոնացրել քրդական խնդրի, ինչպես նաեւ Կիպրոսի ու Իրաքի հարցերի լուծման համար»,- ասաց Կ. Մանոյանը։
Armar.am












