Գլխավոր » Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն

Լրատվամիջոցների մանիպուլիացիաները հայ-թուրքական հակամարտության ներկա փուլում

Հոկտեմբեր 12, 2009թ. 18:00

mitingՎահրամ ՄԻՐԱՔՅԱՆ

Հոկտեմբերի 9-ին` հայ-թուրքական պայմանագրի ստորագրումից մեկ օր առաջ, Հայաստանի 12 կուսակցություններ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման դեմ կազմակերպեցին հանրահավաք և երթ, որին մասնակցում էին, ըստ տարբեր տվյալների, 30-ից 60 հազար մարդ: Երթի մասին ոչինչ չնշեցին «Հայաստանի Հանրային» և «Հայկական երկրորդ» հեռուստաալիքները:

Իսկ արձանագրությունները ստորագրվելուց մեկ օր անց մեծ շուքով նշվեց Երևանի ծննդյան տարեդարձը: Ինչպե՞ս կարելի է բնութագրել տեղեկատվական նմանատիպ քաղաքականությունը, և ի՞նչ հետևանքներ ու նպատակներ կարող է այն ունենալ:

Ստորև տեղեկատվաքաղաքականության տեսանկյունից կներկայացնենք հոկտեմբերի 10-ի հայ-թուրքական արձանագրություններից մեկ օր առաջ և մեկ օր հետո տեղի ունեցած իրադարձությունների բնույթը:

Տեղեկատվական դաշտը կարելի է վերահսկել երկու տարբերակով` տեղեկատվության տարածման աղբյուրների վրա ֆիզիկական արգելք դնելով (խորհրդային տարբերակը) և ԶԼՄ-ների անտեսանելի կառավարման միջոցով (արևմտյան տարբերակը)[1] հանրության ուշադրությունը շեղելով և այլ տեխնոլոգիաներով:  Նմանատիպ տեխնոլոգիաների մասնագետներին անվանում են սպին-դոկտորներ («spin doctors»):

Սպին-դոկտոր տերմինը պաշտոնապես առաջին անգամ հայտնվել 1984թ. Քաղաքական տերմինների ամերիկյան բառարանում:[2] Այստեղ այն բացատրվում է որպես բարձր որակավորում ունեցող հանրային կապերի (PR) մասնագետ: «Սպին» տերմինը վերցվել է հեռուստատեսության սպորտային մեկնաբանների բառապաշարից, ովքեր այսպես էին անվանում բեյզբոլում շատ դժվար, գնդակը պտտեցնող հարվածները, իսկ «դոկտոր» տերմինն օգտագործվում է որպես բարձր որակավորման նշան:

Եվրոպայում այս տերմինն ավելի լայն կիրառություն ունի և իր մեջ ներառում է քաղաքական խորհրդատուների, PR մասնագետների և նախընտրական շտաբների անդամների գործունեությունը:[3]

Ռուսաստանում սպին-դոկտոր տերմինն օգտագործվում է լուրերի մենեջմենթի իմաստով: Ըստ Գ. Պոչեպցովի մեկնաբանության, սպին-դոկտորը զբաղված է ԶԼՄ-ում անբարենպաստ լուսաբանման կարգավորմամբ, հատկապես ճգնաժամերի ժամանակ:[4]

Սպին-դոկտորի պարտականությունների մեջ մտնում է ընդհանուր տեղեկատվության հոսքից անհրաժեշտ հատվածների ընտրումը և դրանց նշանակության մեծացման կամ փոքրացման ուղղությամբ աշխատանքները, ինչը կատարվում է մեկնաբանությունների, իրադարձությունների կազմակերպումով կամ էլ ուղղակի լուրերի դասավորությամբ, քանի որ ինչքան էլ կարևոր լինի իրադարձությունը, եթե այն տեղադրվում է լրատվական հաղորդման վերջում, կարևորությունը տուժում է:

Սպին-դոկտորները հանրային կարծիքի ձևավորումը հիմնականում կատարում են երկու տարբերակով.

1.Տեղեկատվության արգելակում`

ա) արգելակում, բ) նոր իրադարձությունով փոխարինում, գ) ենթատեքստի փոփոխություն:

2.Տեղեկատվության արագացում`

ա) ինչ-որ կարևորության վրա շեշտադրում, բ) կցում այլ կարևոր իրադարձության,    գ) մեկնաբանությունների օգտագործում:

Համարվում է, որ ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական բազաների ռմբահարումը Քլինթոնի և Մ. Լիվինսկու սկանդալի ամենաթեժ պահին ոչ թե պատահականություն էր, այլ  սպին-դոկտորական աշխատանք:[5]

Հայաստանում սպին-դոկտորական հաջող աշխատանք կարելի է համարել նախագահ Ս. Սարգսյանի երդման արարողության հաջորդող օրերի տոնակատարությունները, որի ժամանակ օդապարիկների թռիչքը Երևանի վրայով ստիպեց, որ երդման արարողության հաջորդ օրը ողջ քաղաքը խոսի օդապարիկներից և ոչ թե ընտրություններից:

Նույն ոճի դրսևորումներից էր նաև Երևանի ծննդյան տոնակատարությունը, որը շատ հարմար էր հանրությանը հայ-թուրքական գործընթացից շեղելու համար և նույնիսկ Հանրային Հեռուստաընկերության լրատվականը սկսեց արտակարգ ռեժիմով` երկու ժամը մեկ եթեր դուրս գալ:

Իսկ հոկտեմբերի 9-ի հանրահավաքի լուսաբանման արգելումը տեղեկատվաքաղաքականության այսպես կոչված «խորհրդային» տարբերակն էր (տեղեկատվության արգելափակում): Հետքրքրական է, որ նախկին ընդդիմության (նախկին ընդդիմություն ասելով` նկատի ունենք 2007-2008թթ. նախագահական ընտրություններին Լ. Տեր-Պետրոսյանի շուրջ հավաքված ուժերը) բոլոր երթերն ու հանրահավաքները պարտադիր լուսաբանվում էին «Հ1» և «Հ2» հեռուստաալիքների կողմից, քանի որ արևմտյան տարբեր մոնիտորինգային խմբեր մշտապես հետևում են եթերում ընդդիմությանը հատկացվող ժամաքանակին: Իսկ հայ-թուրքական գործընթացը ընթանում էր նաև Արևմուտքի հովանավորությամբ, այսինքն` այդ գործընթացի ընդդիմադիրներն Արևմուտքին նույնպես պետք չեն, և միջազգային կառույցները երբեք իրենց զեկույցներում չեն նշի ՀՀ ներկա ընդդիմության նկատմամբ տեղեկատվաքաղաքականության նման դրսևորումների մասին:


[1] Георгий Почепцов, «Психологические войны», Москва-Киев.  «Рефл-бук»,  «Ваклер» 2002г. С. 303

[2] Safire W. Satire’s New Political Dictionary. The Definitive Guide to the New Language of Politics, 3rd edn. – New York: Random House, 1993. – Р. 740–741

[3]Esser F., Reinemann C., Fan D. Spin Doctoring in British and German Election Campaigns: How the Press is Being Confronted with a New Quality of Political PR // European Journal of Communication. – Jun 2000. – Vol. 15. – Issue 2. – Р.212

[4] Георгий Почепцов, “Психологические войны”, Москва-Киев. “Рефл-бук Ваклер” 2002 С.302

[5]Георгий ПОЧЕПЦОВ, “Спиндоктор и его работа”, http://www.rus-lib.ru/book/36/75/137-146.html


Դիտել Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն