Գլխավոր » Լրահոս

Ռիչարդ Կիրակոսյան. «Եթե թուրքերը խաղեր խաղան, մենք էլ մեր խաղը պետք է խաղանք»

Հոկտեմբեր 12, 2009թ. 14:30

«Ու՞ր ենք գնում մենք և ի՞նչ պետք է սպասենք հաջորդիվ. այսպիսի հարցադրում հնչեցնելով` Ռիչարդ Կիրակոսյանը փորձեց նախանշել հայկական դիվանագիտության` այս պահին  նախընտրելի ուղիները:

Թուրքիայի կողմից արդեն իսկ դրսևորվող սպառնալիքների դեմ Հայաստանը պետք է հանդես գա առավել ուժեղ դիվանագիտությամբ և հակադարձի ուժեղ ու հստակ դիրքորոշմամբ, խորհուրդ է տալիս վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանն ու հավելում. «Անկեղծ լինենք ինքներս մեզ հետ ու ասենք, որ մենք իրավունք  չունենք ավելորդ ժամանակ և էներգիա ծախսել, ինչպես դա արեցինք անցած գիշեր` տոնելով  Երևանի տոնակատարությունը: Պետք չէ հսկայական գումարներ վատնել, քանի որ այսօր Հայաստանն ուժեղանալու անհրաժեշտություն  ունի»:

Կիրակոսյանը գտնում է, որ հարկ է հակադարձել թուրքական պահանջատիրական քաղաքականությանը, օրինակ, այսպես. Հայաստանի նախագահը պետք է հայտարարի, որ ինքը չորեքշաբթի օրը չի գնա Թուրքիա, եթե այդ երկիրը շարունակի խաղալ այս նենգ խաղերը:

«Նախագահն արդեն մեկ անգամ  սպառնացել է, որ չի գնա Բուրսա, եթե սահմանները բաց չլինեն, կամ եթե թուրքական կողմը պատրաստ չէ բացել սահմանները»:

Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով,  ճիշտ կլինի, որ Հայաստանի խորհրդարանը ևս հետաձգի արձանագրությունների ստորագրումը, եթե թուրքերը վարվեն նույն կերպ. «Եթե նրանք խաղեր խաղան, ուրեմն մենք էլ մեր խաղը պետք է  կարողանանք խաղալ»:

Հայաստանը նաև հստակ պետք է հայտարարի, որ    գնդակը Թուրքիայի դարպասում է, և որ այդ բեռն այժմ այդ երկրի ուսերին է: «Ուզում եմ մի կարևոր բան ասել, Թուրքիան հարգում է միայն ուժը և ոչ թե թուլությունը: Ուրեմն, ժամանակն է ուժեղ լինել Թուրքիայի հետ այս դիվանագիտական պայքարում»: Ապա Հայաստանի իշխանություններին առաջարկում է փոխել հայաստանյան ներկայիս քաղաքականությունը, ինչո՞ւ ոչ, նաև հայտարարել, որ եթե թուրքերը պահանջներ կամ նախապայմաններ ներկայացնեն, նույնը կարող են անել և հայերը: Եթե Թուրքիան որոշի անընդունելի պահանջներ ներկայացնել Ղարաբաղի հարցի առնչությամբ, ապա  հայկական կողմը պետք է հայտարարի, որ դա այլ բան չէ, քան պայմանի խախտում:

Եվ վերջապես, Կիրակոսյանն այն համոզման է, որ Հայաստանը երբեք ոչ մի պահանջ չի ներկայացնում թուրքական կողմին, օրինակ, Կիպրոսի հարցում, մինչդեռ կարող է. «Թող Ցյուրիխում կատարվածը դաս լինի Հայաստանի համար, որ գիտակցի, թե  ինչպես պետք է գործի Թուրքիայի հետ: Կրկնում եմ` նրանք  միայն հարգում են ուժեղին: Փաստորեն, Թուրքիան խաղում է իր հին խաղը: Մի խոսքով այս աբսուրդի թատրոնը դեռ նոր է սկսվում»:

Ռ. Կիրակոսյանն անդրադարձավ մեկ այլ խնդրի ևս, նկատելով, որ   այս արձանագրություններում մի շատ կարևոր հանգամանք բաց  է թողնված: Խոսքը վերաբերում է պատասխանատվությանը, այսինքն` եթե կողմերից մեկը փորձի խախտել պայմանագրի այս կամ այն կետը, ապա  պետք է պատժի ենթարկվի: Սակայն պատժամիջոցների մասին ոչինչ չկա արձանագրություններում, հետևապես,  Թուրքիային ոչինչ չի արգելում, որ ժամանակ անց կրկին փակի սահմանը: Ռ. Կիրակոսյանը նույնիսկ համոզված է, որ Թուրքիան կարող է խաղալ այդ խաղը և գնալ այդ քայլին` Հայաստանի առաջ նորանոր անընդունելի պահանջներ դնելով:

Կ.Պ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն