Թուրքիան ձգձգում է հրապարակել Մեջլիսում արձանագրությունների վավերացման օրն ու ժամը
Երեկ Թուրքիայի կառավարության նիստի ավարտից հետո այդ երկրի փոխվարչապետ և պետքարտուղար Ջեմիլ Չիչեկը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ հայ-թուրքական Արձանագրությունները քննարկման ու վավերացման նպատակով կուղարկվեն Թուրքիայի խորհրդարան:
Նա լրագրողներին ասել է, որ ամսաթիվը դեռևս հստակեցված չէ: Ապա հավելել է, թե միայն խորհրդարանն է որոշելու` քվեարկե՞լ արձանագրությունների օգտին, թե՞ ոչ:
Նա ասել է, թե Թուրքիայի քաղաքականության մասն է կազմում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Չիչեկն ակնարկել է, թե պաշտոնական Անկարան պատրաստ է պատմության դեմ հանդիման կանգնել և ապացուցել, թե «1915թ. իրադարձություններում ինչն է ճշմարիտ և ինչը` սուտ»:
Տեղեկացնենք նաև, որ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը, նախագահ Աբդուլա Գյուլի գլխավորությամբ, պատրաստվում է նախագահական նստավայրում հոկտեմբերի 20-ին նիստ անցկացնել: Չնայած դեռ չի հստակեցվում, թե ինչ հարցեր են քննարկվելու, սակայն վերլուծաբաններն արդեն իսկ ենթադրում են, որ հիմնական հարցը լինելու է հայ–թուրքական հարաբերությունների խնդրի քննարկումը:
Armar.am












