Լևոն Շիրինյան. «Արցախի հարցում որևէ զիջում չի լինի, այլապես մենք կլինենք խոցելի, իսկ թուրքական գորշ գայլերի միջավայրում ոչնչացնում են նրանց, ովքեր թույլ են
Քաղաքական գիտությունների թեկնածու Լևոն Շիրինյանը «Արմատ»մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև նախաստորագված արձանագրություններին և ՀՀ ղեկավարության կատարած քայլերն անվանեց դիվանագիտորեն ճիշտ մշակված.
«Հայաստանը սրանով ներքաշվեց համաշխարհային քաղաքականության բարձր ոլորտներ: Այսօր մենք պետք է ճշգրտենք մեր հետագա անելիքները և փորձենք իրականությունը տեսնել այնպես, ինչպիսին որ այն կա և ոչ թե այնպես, ինչպես կցանկանայինք տեսնել»:
Լևոն Շիրինյանը քաղաքագիտության տեսանկյունից երկու սցենար տարանջատեց.
«Առաջին` հայկական կողմը կարող էր մերժել, դադարեցնել գործընթացը, որն իմ կարծիքով ընդունելի չէ, քանի որ մենք պետք է գետի հունով լողանք, որպեսզի չհանդիպենք խութերի: Ներկա իրավիճակը ոչ թե ճգնաժամային, այլ շրջադարձային է, ու պետք է խաթարվի անվստահության զգացումը: Երկրորդ` Թուրքիան ցույց տվեց իր իրական դեմքը` փորձելով իր ելույթով փոխել արձանագրությունների բովանդակությունը: Սակայն մեր Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը շատ ճիշտ և հստակ քայլ կատարեց` թույլ չտալով սցենարի նման զարգացում, այլապես հետագայում չէր բացառվի, որ փորձեին այդ ելույթն ու արձանագրությունները ներակայացնել որպես մի ամբողջություն` վտանգելով հայկական կողմի շահերը: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի կեցվածքը շատ արժանապատիվ էր, պետք է մինչև վերջ այդ կերպ աշխատել»:
Միաժամանակ Լևոն Շիրնյանը գտնում է, որ պետք է սթափ գործել` հաշվի առնելով նաև վերջերս Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլու հայտարարությունը, թե` որքան հեռու արձակենք արևելքում մեր նետը, այնքան արևմուտքում ամուր կհաստատվենք: Շիրինյանը համոզված է, որ ճիշտ դիվանագիտություն բանեցնելով` հայկական կողմն իր հակառակորդին հնարավորություն չի տա շարունակելու իր խաղերը, այն է` վերջին վայրկյանին անգամ որքան հնարավոր է շատ զիջումներ կորզել Հայաստանից:
Լևոն Շիրինյանը հույս հայտնեց, որ Արցախի հարցում որևէ զիջում չի լինի, այլապես մենք կլինենք խոցելի, իսկ թուրքական գորշ գայլերի միջավայրում ոչնչացնում են բոլոր նրանց, ովքեր թույլ են: «Իսկ այս փուլում մեր դիվանագիտությունն ապացուցեց, որ մենք կարող ենք պայմաններ թելադրել»:
Ա. Կ.
Թեգեր` Ահմեդ Դավութողլու, արձանագրություններ, Արցախ, Էդվարդ Նալբանդյան, Թուրքիա












