Ռուբեն Մելքոնյան.«Ամեն թուրքի հոգում թաքնված է շարքային խարդախը»
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանն այսօր «Հայացք» ակումբում անդրադարձավ հայ-թուրքական ստորագրված արձանագրություններին և փորձեց կանխատեսել, թե ինչ է լինելու ապագայում:
Արձանագրությունների ստորագրման օրը տեղի ունեցած ձգձգումները բանախոսը համարեց թուրքական խորամանկ դիվանագիտության հերթական դրսևորումներից մեկը, որը, սակայն, ձախողվեց: Նա նշեց, որ այս ձգձգումները Թուրքիայում առաջացրել էին որոշակի խուճապ, որ փոքր Հայաստանը, աշխարհի աչքի առաջ, Թուրքիային պարտադրում է որոշակի պայմաններ:
«Ցանկացած թուրքի հոգու խորքում, անկախ իր զբաղեցրած դիրքից, լինի պաշտոնյա, թե սովորական քաղաքացի, թաքնված է շարքային խարդախն ու խորամանկը,- նշեց նա,-թուրքական խորամանկության դրսևումների` ամենաանսպասելի պահին ու ժամանակին, մենք դեռ շատ ենք ականատես լինելու, և այս առումով մենք պետք է մշակենք Թուրքիայի հետ հարաբերվելու մեթոդներ»:
Խոսելով Թուրքիայի վարչապետ Ռեջիփ Թայիփ Էրդողանի մասին` թուրքագետը նշեց, որ այս հարցերում նա հանդես է գալիս ամենակոշտ դիրքորոշումներով և բազմիցս հայտարարել է, որ առանց Ղարաբաղի հարցի լուծման այս արձանագրությունները չեն ստորագրվի: Սակայն Ռուբեն Մելքոնյանը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ Էրդողանի հայտարարությունները շատ հաճախ լինում են ոչ միանշանակ և մեկ օրվա ընթացքում հաճախ հակասում են մեկը մյուսին: «Երբեմն նրա առավոտյան ասածը տրամաբանորեն չի համապատասխանում երեկոյան արած հայտարարությանը: Մի օր ասում է, թե Արձանագրությունների ստորագրումը Ղարաբաղի հարցի հետ կապված չէ, մյուս օրը հակառակն է պնդում»:
Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ Թուրքիայում տիրող ներքին իրավիճակը նույնպես բարվոք չէ, ինչին մենք ուշադրություն չենք դարձնում: Նա ասաց, որ ինչպես Հայաստանում, Թուրքիայում էլ են քննադատության ենթարկվում արձանագրության նույն կետերը: Այնտեղ էլ Արձանագրություններին դեմ են ընդիմադիր երկու ուժեր` Ազգայնական Շարժումն ու Ժողովրդահանրապետական կուսակցությունը, որոնք հանդես են եկել հայտարարությամբ, ուր նշել են, որ դրանց ստորագրմամբ Թուրքիան հետքայլ է անում թուրք-ադրբեջանական հարաբերություններում և տեղիք տալիս հայկական կողմի պահանջներին: Թուրքական ընդդիմությունը դեմ է նաև պատմական հանձնաժողովի ստեղծմանը. 90 տարի շարունակ ժխտել են Ցեղասպանության փաստը, ուրեմն` ի՞նչ են քննարկելու, մի՞թե այն, ինչն արդեն 90 տարի շարունակ մերժել են:
Արձանագրությունների վավերացման ժամկետի առումով թուրքագետն ամենահավանական սցենարը համարեց այն, որ վավերացումը ձգձգվելու է, հատկապես մեջլիսում, և դրա համար բերվելու են տարբեր պատրվակներ, օրինակ, Մեջլիսի անկախ լինելու հանգամանքը, որը ըստ նրա շատ թույլ է և ոչ համոզիչ:
«Սա ես կարծում եմ քաղաքական որոշման խնդիր է,- նշեց նա,-եթե Թուրքիայի կառավարությունը որոշի, որ պետք է վավերացնել արձանագրությունները, ապա որևէ խնդիր չի լինելու, հակառակ դեպքում, մեջլիսը կդառնա նրանց քաղաքական զենքը` որպես պատրվակ»:
Ցեղասպանության ճանաչման գործընթացում պետք է հետևել Հունաստանի օրինակին, կարծում է Մելքոնյանը: Այդ երկիրը Թուրքիայի հետ նույնպես ցեղասպանության խնդիր ունի, բայց, դրանով հանդերձ, հաստատել է դիվանագիտական հարաբերություններ, բաց սահմաններ, և դրանք չեն խանգարում Հունաստանին` հետամուտ լինելու հունական ցեղասպանության գործընթացին և ամեն տարի տարբեր միջազգային ասպարեզներում բարձրաձայնելու այս փաստը:
Կարինե Պետրոսյան
Թեգեր` թուրք, խարդախը, Հունաստան, Մեջլիս, ցեղասպանություն












