«Դժվարությամբ, բայց ծնվեց հայ-թուրքական համաձայնագիրը»,- գրում է լեհական Rzeczpospolita-ն:
Պարբերականը նախ նկատում է, որ Արձանագրությունների ստորոգրմանը դեմ էին ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում: Միաժամանակ հավելում է, որ, այնուհանդերձ, դրանց ստորագրմամբ հետաձգվեց երկու կարևորագույն հարցերի լուծումը, ինչում էլ կայանում է փաստաթղթերի և’ ուժը, և’ թուլությունը: «Նախ` հետաձգվեց Լեռնային Ղարաբաղի ապագայի հարցը, և երկրորդ` պատմական հանձնաժողովի քննարկմանը թողնվեց Թուրքիայում հայերի կոտորածի փաստ, որն Անկարան հրաժարվում է Ցեղասպանություն անվանել»:
Rzeczpospolita-ն նկատում է, որ հայերի ու թուրքերի միջև հարաբերությունների անսպասելի ջերմացումը հետևանք էր «ֆուտբոլային դիվանագիտության», որն սկսվեց 2008-ին, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի` Երևան կատարած այցով: Ի դեպ, լրատվամիջոցը միաժամանակ նկատում է, թե վերջերս սպորտային դիվանագիտություն փորձեց կիրառել նաև Ադրբեջանը, երբ 2009 թվականի սեպտեմբերին Երևան այցելեց Ադրբեջանի ձյուդոյի երիտասարդների հավաքականը: «Սակայն դա չընդունվեց Բաքվում, մինչև անգամ պահանջեցին ձյուդոյի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը»:
Կրկին անդրադառնալով հայ- թուրքական հարաբերություններին` Rzeczpospolita-ը նկատում է, թե Արձանագրությունների կարևորության մասին է վկայում այն փաստը, որ Ցյուրիխում ստորագրմանը ներկա էին ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԵՄ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները: Ապա եզրահանգում է. « Չէ՞ որ խոսքը ոչ միայն մուսուլմանական մեծ և ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուքիայի և քրիստոնեական, ռուսամետ փոքր երկիր Հայաստանի մասին է, այլև այն, որ Կովկասում նոր խաղեր են սկսել Եվրոպական Միությունը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և մինչև անգամ Իրանը, և եթե համաձայնագիրը ուժի մեջ մտնի, ապա տարածաշրջանում ամեն ինչ կփոխվի: Այն կարող է լուրջ անդրադարձ ունենալ Եվրոպական էներգետիկ քաղաքականության վրա` բացելով նոր ճանապարհ (Կովկասյան տարածաշրջանից և Կենտրոնական Ասիայից) գազի և նավթի տեղափոխման համար: Սա նաև կարող է Հայաստանի և Կովկասի մյուս պետությունների համար ճանապարհ հարթել դեպի Եվրամիություն: Իսկ Թուրքիան կդառնա ավելի անկախ խաղացող երկիր»,-ամփոփում է թերթը:
Armar.am












