Հայաստան-Իրան հարաբերությունները
Իրանի Իսլամական Հանրապետությունը մեր տարածաշրջանի այն միակ պետությունն է, որի հետ Հայաստանի Հանրապետությունը քաղաքական, ռազմական, տնտեսական կամ որևէ այլ բնույթի խնդիրներ չունի: Եվ դեռ ավելին, պաշտոնական Թեհրանն ու Երևանը ամեն կերպ նպաստում են տարածաշրջանում երկու երկրների ազդեցության մեծացմանը: Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների հիմքերը քաղաքակրթական նմանությունների մեջ են: Չնայած այն հանգամանքին, որ Իրանն իսլամական պետություն է, իսկ Հայաստանը` քրիստոնյա, այնուամենայնիվ, երկու ժողովուրդների էթնոհոգեբանությունը բավական շատ ընդհանրություններ ունի, ինչն ակնհայտորեն դրական է անդրադառնում երկու երկրների համագործակցության վրա:
Ցավոք, այսօր Իրանը լրջագույն խնդիրներ ունի արևմտյան երկրների հետ, ինչի պատճառով այդ երկիրը, կարծես թե, որոշ առումներով մեկուսացվել է մի շարք կարևոր նշանակություն ունեցող միջազգային քաղաքական գործընթացներից: Իսկ Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող տնտեսական արգելքների քաղաքականությունը զգալիորեն կասեցնում են այդ երկրի` առանց այն էլ տպավորիչ առաջընթացը: Սակայն, այս ամենով հանդերձ, Իրանը շարունակում է մնալ Առաջավոր Ասիայի, Մերձավոր Արևելքի և Սև ծովի ավազանի կարևորագույն դերակատարներից մեկը: Իրանն այն պետությունն է, որն ի վիճակի է շահեր հետապնդել աշխարհի ցանկացած կետում: Իսկ ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա այն գտնվում է Իրանի կենսական շահերի գոտում:
Այսօր Հարավային Կովկասում Իրանն ունի մի շարք խնդիրներ, որոնցից շատերն առաջնային նշանակություն ունեն այդ երկրի համար: Չնայած այն հանգամանքին, որ մեր տարածաշրջանի երկրները չեն կարող անմիջական սպառնալիք հանդիսանալ իրանական պետականության համար, այնուամենայնիվ, պաշտոնական Թեհրանն անհանգստանալու որոշակի առիթներ ունի: Օրինակ, Ադրբեջանի ղեկավարությունն արդեն մի քանի տարի շարունակ նպատակաուղղված աշխատանքներ է իրականացնում Իրանի ադրբեջանաբնակ նահանգներում խժդժություններ սերմանելու համար: Ճիշտ է, Իրանում էթնիկ բնույթի խռովություններ կազմակերպելու գործում Ադրբեջանն ընդամենը գործիք է Արևմուտքի ձեռքում, բայց, միևնույն է, պաշտոնական Թեհրանը չի կարող թույլատրել, որպեսզի ադրբեջանցիները միջամտեն իրենց ներքին գործերին: Բացի նշվածից, իրանցիներն ադրբեջանցիների հետ ունեն մի շարք այլ խնդիրներ ևս:
Ի դեպ, նույնը վերաբերում է նաև Իրան-Վրաստան հարաբերություններին, քանի որ Վրաստանը հանդիսանում է տարածաշրջանում արևմտյան ռազմական ուժի գլխավոր հենակետ: Սակայն տարածաշրջանի այդ երկու երկրների հետ Իրանի լարվածությունն ամենևին չի առնչվում մեր երկրին: Հայաստանի հետ Իրանի հարաբերություններն արմատապես տարբերվում են Իրան–Ադրբեջան և Իրան–Վրաստան հարաբերություններից:
Քաղաքակրթական նմանություններից բացի, Հայաստանի և Իրանի ժողովուրդներին շաղկապում է նաև ընդհանուր թշնամու առկայությունն ու միասնական վտանգին դիմագրավելու անհրաժեշտությունը: Խոսքը վերաբերում է տարածաշրջանում թուրքական գործոնի առկայությանը: Պաշտոնական Թեհրանը շատ մեծ կարևորություն է տալիս այն փաստին, որ Հայաստանը հանդիսանում է անջրպետ թուրքական պետությունների միջև: Այդ հարցում Հայաստանի կարևոր նշանակությունը հստակորեն գիտակցում են թերևս միայն Իրանում և Չինաստանում: Իհարկե, Հայաստանի համար այդ դերակատարությունը կյանքի և մահվան հարց է: Սակայն այդ անջրպետը պակաս կարևորություն չունի նաև Իրանի համար: Այն առնվազն լուծում է իրանական պետության կայուն զարգանալու խնդիրը, իսկ հեռանկարում կարող է առնչվել նաև անվտանգության խնդիրներին: Հետևաբար, այս հարցում Իրանի և Հայաստանի կենսական շահերը լիովին համընկնում են:
Հայաստանը համարվում է Իրանի համար կարևոր երկիր նաև ճանապարհահաղորդակցային հնարավորությունների առումով: Պաշտոնական Թեհրանը չի ցանկանում իրանական ապրանքներն արտաքին շուկա հանել Ադրբեջանի կամ Թուրքիայի միջով, քանի որ այդ պետություններն Իրանում ընկալվում են որպես մրցակիցներ: Այնինչ համապատասխան ինֆրաստրուկտուրայի առկայության պարագայում Հայաստանը կարող է վերածվել վստահելի տարանցիկ երկրի` Իրան-Սև ծով ճանապարհին: Իրանական կողմն արդեն մի քանի տարի է, ինչ փորձում է միջոցներ հայթայթել Իրան-Հայաստան երկաթգիծ կառուցելու համար: Բացի այդ, պաշտոնական Թեհրանը մեծ ուշադրություն է հատկացնում նաև ճանապարհաշինության գործին: Հայաստանի ճանապարհների որակի մասին հարցը շարունակում է մնալ Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգում:
Ռազմաստրատեգիական առումով ևս Հայաստանը հանդիսանում է Իրանի համար կարևորագույն երկիր: Իրանը Մերձավոր Արևելքի և Առաջավոր Ասիայի խոշորագույն կայսրություններից մեկն է: Եվ, ելնելով աշխարհագրական դիրքից, հարևանություն է անում այնպիսի անկայուն երկրների հետ, ինչպիսիք են, օրինակ, Աֆղանստանն ու Իրաքը: Անվերջ պատերազմներն ու, մանավանդ, Արևմուտքի միջամտությունն այդ պատերազմներին, բավական բացասաբար են ազդում Պարսկաստանի բնականոն զարգացման վրա: Բացի այդ, Իրանին հարող տարածքներում տիրող մշտական լարվածությունն անմիջական սպառնալիք է նաև Իրանի համար, քանի որ հակամարտող կողմերը ժամանակ առ ժամանակ փորձում են օգտագործել նաև Իրանի տարածքները զենքի մատակարարման համար, կամ պարզապես որպես թաքստոց: Պաշտոնական Թեհրանի համար չափազանց կարևոր է, որ իր սահմաններին հարող տարածքներում քիչ թե շատ կայունություն լինի: Այդ առումով Հայաստանն իրանցիների կողմից ընկալվում է որպես Հարավային Կովկասում խաղաղության պահպանման կայուն երաշխիք: Պարսկաստանում հրաշալիորեն գիտակցում են, որ Ադրբեջանը չի վերսկսում ռազմական գործողություններն Արցախի դեմ բացառապես այն պատճառով, որ հասկանում է հայկական բանակից բխող վտանգի ամբողջ լրջությունը: Բացի այդ, թուրքական գործոնով շրջափակված Հայաստանի Հանրապետությունը պարզապես ստիպված է վարել այնպիսի քաղաքականություն, որը համապատասխանում է նաև Իրանի շահերին: Այդ քաղաքականության հիմնարար սկզբունք է հանդիսանում այն հանգամանքը, որ Հայաստանը չի կարող լինել Արևմուտքի անվտանգության համակարգի մասնիկ, ինչը նույնպես չափազանց կարևոր է Արևմուտքի հետ մրցակցող Իրանի համար:
Ելնելով վերոնշյալ հանգամանքներից` այսօր Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է ուղղված լինի Իրանի հետ հարաբերությունների էլ ավելի զարգացմանն ու խորացմանը: Բացի նրանից, որ Իրանը հանդիսանում է Հայաստանի բնական դաշնակիցը մեր գլխավոր թշնամու դեմ պայքարում, այն նաև համարվում է Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստող բարեկամ երկիր: Հայաստան-Իրան երկաթգծի առկայությունը թույլ է տալիս Հայաստանին լուծել առաջնային կարևորություն ունեցող մի շարք հիմնախնդիրներ, որոնցից ամենակարևորը դեպի Կասպից ծով և Պարսից ծոց դուրս գալու հնարավորությունն է: Դա նշանակում է, որ Հայաստանը կստանա Ռուսաստանի հետ առևտուր անելու այլընտրանքային հիանալի ճանապարհ, ինչը թույլ կտա նաև Վրաստանի հետ հարաբերվել ավելի կոշտ դիրքերից: Բացի այդ, Կասպից ծովի հետ երկաթգծային կապը բացում է Հայաստանի համար Միջին Ասիայի հարուստ և էժան շուկան, ինչը, անկասկած, ամենադրական ազդեցությունը կունենա Հայաստանի համար: Ինչ վերաբերում է երկաթգծի միջոցով Պարսից ծոց դուրս գալու հնարավորությանը, ապա դա մի քանի անգամ կհեշտացնի Չինաստանի, Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների և մի շարք այլ երկրների հետ ապրանքաշրջանառությունը` նպաստելով մեր տնտեսության արագ զարգացմանը:
Հայաստանի համար բավական հեռանկարային է նաև համագործակցությունն Իրանի հետ նավթագազային ոլորտում: Երկու երկրների կառավարությունները դիտարկում են Հայաստանում նավթի վերամշակման գործարան կառուցելու մասին հարցը, ինչը կարող է զգալիորեն էժանացնել վառելիքի գինը Հայաստանում: Բացի այդ, արդեն գործում է Իրան-Հայաստան գազամուղը, և այդ ոլորտում հոմագործակցության խորացումը կարող է Հայաստանը վերածել տարանցիկ երկրի:
Իհարկե, մի հոդվածի սահմաններում պարզապես հնարավոր չէ մատնանշել տնտեսական բոլոր այն ոլորտները, որոնք կարող են զարգանալ Իրանի հետ համագործակցության արդյունքում: Մի բան ակնհայտ է. Հայաստանը պետք է մշտապես զարգացնի և խորացնի Իրանի հետ տնտեսական համագործակցությունը: Դա պետք է լինի մեր քաղաքականության մշտական առաջնայնություն և նույնիսկ գերխնդիր:
Շատ կարևոր է համագործակցությունն Իրանի հետ նաև աշխարհաքաղաքական ոլորտում: Արևմուտքի և Ռուսաստանի քաղաքագետները բավական շատ են գրել Մոսկվա–Երևան–Թեհրան–Պեկին քաղաքական հնարավոր դաշինքի մասին: Ճիշտ է, Հայաստանն այդ շղթայի մեջ խաղում է միայն կապող օղակի դեր, այնուամենայնիվ, նույնիսկ այդ դերակատարությունը բավական է մեր երկրի անվտանգ զարգացման համար: Չնայած, ճիշտ քաղաքականություն վարելու պարագայում, Հայաստանը կարող է հավակնել ավելի մեծ դերակատարության: Օրինակ, մեր երկիրը կարող է դառնալ Արևելքի «դեսպանը» Արևմուտքում: Պարզապես ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր է ճիշտ կողմնորոշվել քաղաքական դաշնակիցների ընտրության հարցում և գործել բացառապես ի շահ սեփական պետականության:
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Թեգեր` Ադրբեջան, Առաջավոր Ասիա, արտաքին քաղաքականություն, թուրքական գործոն, Իրան-Ադրբեջան, Իրան-Վրաստան, Հայաստան-Իրան հարաբերություններ, Մերձավոր Արևելք, Մոսկվա-Երևան-Թեհրան-Պեկին, Սև ծով, տնտեսական համագործակցություն












