Դավիթ Ջամալյան. «Ցավոք, մեզանում կան մարդիկ, ովքեր նպաստում են ադրբեջանական քարոզչության տարածմանը»
Այսօր անհրաժեշտ և արդիական է տեղեկատվական, հոգեբանական պատերազմների մասին խոսելը: Որպեսզի ճշտենք հոգեբանական պատերազմի ենթատեքստում հայկական և ադրբեջանական կողմերում իշխող «տրամադրությունները», զրուցեցինք հոգեբանական գիտությունների թեկնածու Դավիթ Ջամալյանի հետ:
«Հոգեբանական պատերազմում երկար ժամանակ նախաձեռնությունը պատկանել է ադրբեջանցիներին: Որովհետև իրենք շատ լավ հասկացել են, որ մարտի դաշտում կրած իրենց պարտությունը գոնե պետք է «փոխհատուցեն» հոգեբանական դաշտում: Արցախյան ազատամարտում մենք հաղթեցինք, որովհետև մեր դիրքորոշումներում միասնական էինք: Եվ ահա, ադրբեջանցիները հստակ հաշվարկել են, որ եթե իրենց հաջողվի հայերի դիրքորոշումների վրա ներազդել և դրանք վերափոխել ի նպաստ իրենց, ապա վաղ թե ուշ իրենք կարող են հաջողության հասնել»:
Դավիթ Ջամալյանը ներկայացրեց այն քարոզչական միջոցները, որոնք հայ հասարակության մեջ ներարկում են ադրբեջանցիները:
Այսօր հաճախ է արտահայտվում այն տեսակետը, թե Արցախյան ազատամարտի հաղթանակը հայկական կողմի համար «պատահականություն» էր: Նման անհիմն եզրահանգման որոշ «վայ-իմաստուններ» հանգել են ոչ թե ինչ-որ վերլուծությունների արդյունքում, այլ ընդամենն առաջնորդվելով հակառակորդի ներարկած սին գաղափարներով:
Ադրբեջանցիները, վարկաբեկելով մեր` արդեն իսկ նվաճված հաղթանակը, հող են նախապատրաստում, որպեսզի կարողանան մեզ հետ պահել մեր հետագա հաղթանակներից:
«Մենք տեսնում ենք, որ բավական երկար ժամանակ է, ինչ ադրբեջանական քարոզչությունն ինտենսիվորեն աշխատում է: Ցանցային և անուղղակի ձևերով կարողացել են այնպես անել, որ ադրբեջանահաճո գաղափարները տեղական քաղաքական ուժերի, այս դեպքում ՀՀՇ–ականների շուրթերով և նրանց մամուլի միջոցով տարածվեն ժողովրդի մեջ: Ադրբեջանամետ գաղափարներից մեկն էլ այն է, որ անվերջ վարկաբեկում են Արցախի ազատագրման վեհ գաղափարը` մեր տնտեսական անհաջողությունները կապելով Արցախի ազատագրման հետ: Ահա թե ինչու երկար ժամանակ գերակայում էր այն վտանգավոր տեսակետը, թե` Արցախը տանք Ադրբեջանին, որ լավ ապրենք: Իսկ մենք, հայտնվելով ներմուծված վտանգավոր քարոզչության ազդեցության դաշտում, հաճախ նաև ակամա, կորցնում ենք մեր ազգային զգոնությունն ու տեղի տալիս ոչ հայանպաստ գաղափարների, ինչպիսին «Արցախը տանք ու լավ ապրենք» դավաճանական մոտեցումն է»:
Պարոն Ջամալյանը միանգամայն տեղին նկատում է. «Մոռանում ենք, որ Արցախը տալով մեր թշնամուն, վտանգում ենք և Զանգեզուրը: Օրերս Ալիևը հայտարարել էր, թե Զանգեզուրը հանգամանքների բերումով կտրվել է «պատմական հող հանդիսացող Ադրբեջանից»:
Ահա թե մինչև ուր կարող է հասնել մեր թշնամու երևակայությունը: Այնպես որ. «Եթե Ադրբեջանին հանձնվեն Արցախի ազատագրված տարածքները, ապա Հայաստանն անչափ խոցելի կդառնա: Ո՞վ ասաց, թե ադրբեջանական ճանապարհներն ազատագրված տարածքների հանձնումից հետո կարող են մեզ հասու դառնալ: Մոնթեն ասում էր` թե մենք Արցախը կորցնենք, ապա կշրջենք մեր պատմության վերջին էջը»,- նկատեց Դավիթ Ջամալյանը:
Ժողովրդական խոսքն ասում է` «հեռու տեղի ձենն անուշ է»: Ադրբեջանական ապատեղեկատվությանը զոհը չդառնալու նպատակով օգտակար կլինի հետևել մեր պապերի այս իմաստուն խոսքին, քանզի ադրբեջանցիների քարոզչության ձևերից մեկն էլ այն է, որ նրանք հաճախ սոցիալական խնդիրները տեղափոխում են բարոյական հարթություն ու փորձում այդկերպ ներազդել մարդկանց հոգեբանության վրա: Այսպես. ադրբեջանական լրատվամիջոցներում հաճախ են հայտնվում հոդվածներ, որոնք սոցիալապես անապահով հային «խորհուրդ » են տալիս հրաժարվել Արցախից և նրա պաշտպանությունից, իբր թե, երկրում առկա սոցիալական խնդիրները պայմանավորված են Արցախի պաշտպանությամբ: Դավիթ Ջամալյանը նկատում է. «Մեր թշնամիները մեր սոցիալական վիճակն օգտագործում են հենց մեր դեմ: Տեսնելով, որ երկրում պարարտ հող կա ադրբեջանական քարոզչությունը տարածելու, ադրբեջանցին սերմը գցում է այդ հողի մեջ, և արդյունքն արդեն պատրաստ է: Ցավոք, մեզանում կան մարդիկ, ովքեր նպաստում են այդ սերմի տարածմանը»:
«Ղարաբաղցի–հայաստանցի մոտեցումը ևս ադրբեջանական քարոզչության արդյունք է: Երբեմն լսում ենք այսպիսի արտահայտություն` ղարաբաղցիները եկան, Երևանը գրավեցին: Բայց եկեք սթափ լինենք, չէ՞ որ բնական երևույթ է, երբ մարդը ձգտում է ապրել առավել զարգացած քաղաքում: Մի՞թե Լուռուց կամ Տավուշից հոսք չկա դեպի Երևան, ինչո՞ւ դա չենք տեսնում, և նկատում ենք միայն Ղարաբաղից եկող հոսքը: Տերպետրոսյանականների հանրահավաքների ժամանակ հասարակության մեջ տարածվում էին` «ղարաբաղցիներից ազատվենք» ապազգային մտքերը: Ոմանք էլ այնքան էին ներշնչվել Տեր-Պետրոսյանի հռետորական խոսքերից, որ մինչև անգամ ասում էին` «ղարաբաղցիները հայ չեն»: Ընտրությունների նախաշեմին, մի ձայն ավել խլելու համար, այդ նույն ուժը մեր երկրի ազգային անվտանգությունն էր սասանում: Ադրբեջանցիներն այսօր ցանկանում են, որ Արցախը մեր կողմից չընկալվի որպես հայրենի հող: 1988-ին Արցախի անկախությանը ձգտող հայ ժողովուրդը միակամ էր մեկ հարցում, այն է` Արցախը Հայաստանն է: Սակայն ավելի ուշ մեր մեջ ներմուծվեցին վտանգավոր գաղափարներ. այսօր հայը Հայաստան ասելով հասկանում է Հայկական ՍՍՀ, իսկ դա հետևանք է բլեյանական ու ադրբեջանական քարոզչության»:
Հայտնի է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները լրջորեն աշխատում են հակահայկական քարոզչության մշակման ու տարածման ուղղությամբ: «Նրանք գտնում են մեր խոցելի կողմերը և աշխատում հենց դրանց վրա»,- նկատում է հոգեբան Ջամալյանը, բայց միաժամանակ և հավելում` դա չի նշանակում, թե հայկական կողմն անգործ նստած է:
«Հայերս խաղաղության ձգտող ժողովուրդ ենք, ու եթե օտարը մեր հանգիստը չի խաթարել, մենք երբեք հակասություն չենք բորբոքել: Սակայն այսօր Ադրբեջանն իր ռազմատենչ հայտարարություններով դարձյալ ապացուցում է, որ չի ցանկանում հանգիստ ապրել, որ պատերազմ է ուզում, այլ բան չես կարող մտածել, երբ այդ երկրի նախագահը հայտարարում է, թե իր նպատակը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը ցամաքային ուղիղ կապով Ադրբեջանին միացնելն է»:
Թերևս հարկ է Ադրբեջանի ռազմատենչ նախագահին մի բան հիշեցնել, որ իր երազանքը իրականացնելու համար շա~տ դժվար ճանապարհ ունի անցնելու: Գուցե հարկ է, Իլհամին պատմությունից մի դրվա՞գ հիշեցնել, որ Հայաստանի սահմաններն իրականում մինչև Քուր գետ են հասնում:
«Մենք այսօր ունենք լավ զինված բանակ, պարզապես հարկ է առավել քան զգոն լինել, թմբիրի ու ինքնախաբեության մեջ չընկնել: Խաղաղությունը տևական չէ, և ամեն վայրկյան այն կարող է խաթարվել: Մեր բանակն աշխարհի եզակի բանակներից է, որ խրամատավորված է 24 ժամ շարունակ: Բացի մեր պրոֆեսիոնալ ստորաբաժանումից, ունենք համազորային ստորաբաժանումներ, որոնք մարտական հերթապահություն են իրականացնում: Տասնութամյա հայ զինվորը, որ կանգնած է առաջին գծում, հայրենիքը պաշտպանելու զգացումով է տոգորված: Բայց շատ ավելի հուսալի է, երբ առաջին գծում կանգնած է մեր պրոֆեսիոնալ բանակը, ուր ներգրավված են արդեն իսկ պատերազմի բովով անցած և հայրենիքի գինը հստակ գիտակցող զինվորներ»,- եզրափակեց Դավիթ Ջամալյանը:
Արմենուհի Կարեյան












