Թուրքիայի խորհրդարանում առաջին արձագանքներն են հնչել
Հայ-թուրքական արձանագրությունների շուրջ Թուրքիայի խորհրդարանական խմբավորումներում այսօր տեղի են ունեցել առաջին քննարկումները: Հնչել են տարբեր կարծիքներ, որոնցից պարզվում է, որ այդ երկրի քաղաքական ուժերը չեն փոխել իրենց տեսակետները:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբավորման հետ հանդիպման ժամանակ դարձյալ հայտարարել է, որ հարաբերությունների բարելավման ճանապարհը բացված է, բայց վերջին խոսքը Թուրքիայի մեջլիսինն է: Բացի այդ, Էրդողանը կրկին ակնարկել է, որ ադրբեջանցի եղբայրները կարող են իրենց վստահել. քանի դեռ չի լուծվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, փաստաթուղթը չի վավերացվի: Թուրքիայի վարչապետի ելույթի այս հատվածը կարծես թե ուղղված էր ոչ թե իր կուսակցական ընկերներին, այլ Բաքվի լսարանին:
Ելույթի մյուս հատվածն էլ վերաբերում էր հայկական ֆուտբոլային թիմի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վաղվա կայանալիք այցին: Նա թուրք բնակչությանը կոչ է արել Հայաստանի նախագահին ընդունել թուրքական հյուրընկալությամբ` առանց տհաճ անակնկալների:
Թուրքիայի ընդդիմությունը, հակառակը, քննադատում է ստորագրված արձանագրությունները` շեշտելով, որ իրենք այն չեն պաշտպանելու խորհրդարանում:
«Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչերին հայտարարել է, որ Թուրքիան թևակոխել է նոր փուլ, որը նրան տանում է մասնատման: Նրան հետաքրքրել է, թե ինչի շուրջ են բանակցություններն ընթանալու: Նա հարց է տվել. «Ի՞նչ է, փորձելու եք պարզել, թե Արևելյան Անատոլիան Արևմտյան Հայաստա՞նն է, կամ էլ Արարատ լեռը ո՞ւմ է պատկանում»: Բահչերին վստահեցրել է, որ խորհրդարանում իր կուսակցությունը դեմ է արտահայտվելու արձանագրություններին, որը նա որակել է որպես ժանտախտ: Ըստ ընդդիմության, այս փաստաթղթերն ընդամենը Թուրքիային մասնատելու` ԱՄՆ-ի և Եվրամիության նոր փորձն է:












