Հոկտեմբերի 21-ին արձանագրությունները կմտնեն Թուրքիայի խորհրդարան
Թուրքիայի խորհրդարանում մեծ թիվ կազմող ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահ Դենիզ Բայքալը տարօրինակ է որակել վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի արձանագրությունների վերաբերյալ արած այն հայտարարությունը, թե` վերջին խոսքը մեջլիսինն է լինելու և, եթե խորհրդարանը չվավերացնի, ապա ոչինչ չի լինի:
Բայքալը հարց է ուղղում վարչապետին` այդ դեպքում ինչո՞ւ է կառավարությունը «այո» ասել արձանագրություններին: Բայկալը, միաժամանակ, հայտարարել է, որ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունն իր դիրքորոշմանն հավատարիմ` դեմ է արտահայտվելու արձանագրություններին:
Իհարկե, թուրքական ընդդիմադիր կուսակցությունների այս փաստաթղթերին դեմ լինելը էական նշանակություն չի կարող ունենալ, այնքանով որքանով, վերջին խոսքը խորհրդարանում մեծամասնություն կազմող իշխանամետ «Արդարություն և զարգացում» կուսակցությանն է: Եվ եթե այդ կուսակցության բոլոր անդամները կողմ քվեարկեն, ապա ընդդիմությունը որևէ կերպ չի կարող ներազդել գործընթացների վրա:
Ինչևէ, հոկտեմբերի 21-ին պարզ կդառնա Թուրքիայի Մեջլիսի վերաբերմունքը. Արձանագրությունները կվավերացվե՞ն, թե՞ ոչ: Ի դեպ, վավերացման գործընթացը կշարունակվի մինչև տարեվերջ:
Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 21-ին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն է մեջլիսի քննարկմանը պաշտոնապես ներկայացնելու Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունները:
Armar.am












