ՀՅԴ-ն կանտեսի քաղաքապետարանի որոշումը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քաղաքապետարանը արգելել է Դաշնակցությանը հոկտեմբերի 16-ին Շառլ Ազնավուրի հրապարակում հանրահավաք անցկացնել` պատճառաբանելով նույն վայրում, նույն ժամին անցկացվող մեկ այլ միջոցառմամբ:
Երեկ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մեկնաբանելով քաղաքապետարանի քայլը, այն որակեց` տրաֆարետային բնույթ կրող, ձևական ու թերի:
Իսկ այսօր Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ
Դաշնակցության հոկտեմբերի 16-ին նախապես հայտարարված հանրահավաքը, անկախ քաղաքապետարանի արգելքին` կկայանա:
Վահան Հովհաննիսյանը նկատեց, որ համաձայն «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի, քաղաքապետարանն իրենց պետք է այլընտրանքային վայր առաջարկեր, ինչը չի արել: Պատգամավորը տեղեկացրեց, որ երեկ ողջ օրվա ընթացքում քաղաքապետարանից փորձել են պարզել, թե հոկտեմբերի 16-ին ի՞նչ միջոցառում է կազմակերպվելու Շառլ Ազնավուրի հրապարակում: «Մեզ ասացին, որ մանկապատանեկան միջոցառում է լինելու և որ այդ մասին կարող ենք տեղեկանալ իրենց կայքէջից: Սակայն երեկ ողջ օրը քաղաքապետարանի կայքէջում նման միջոցառման տեղեկություն չկար»:
Վահան Հովհաննիսյանը համոզված է, որ քաղաքպետարանի նպատակը մեկն է` տապալել դաշնակցության հանրահավաքը, մինչդեռ.«. ՀՅԴ-ն այդ ցանկության հետ հաշվի չենք նստելու»:
Armar.am












