Գլխավոր » Լրահոս

Լևոն Զուրաբյան. «Միակ տարբերակը Սերժ Սարգսյանի հրաժարականն է»

Հոկտեմբեր 14, 2009թ. 17:35

ZurabyanԱյսօր «Փաստարկ» ակումբում Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը պարզաբանումներ տվեց երկու օր առաջ ՀԱԿ-ի արած հայտարարությանը: Նա նշեց, որ իրենք ստորագրված արձանագրությունները գնահատում են որպես «Ցյուրիխյան ուրացման գործընթաց»: Նա կոչ արեց` ժողովրդին ասել ճշմարտությունը:

«Ցեղասպանության հարցում Հայաստանը գնաց զիջումների` դրա դիմաց ակնկալելով ստանալ բաց սահմաններ,-ձևակերպեց նա:- Հայ-թուրքական պատմական հանձնաժողովի կետով Ցեղասպանության հարցը հանվում է ԱՄՆ-ի նախագահի և կոնգրեսի, ինչպես նաև միջազգային այլ կառույցների օրակարգից»:

Մեջբերելով ՀԱԿ-ի հայտարարությունները` նա նշեց, որ այս գործարքն անընդունելի է բարոյական տեսանկյունից և հետևանք է  Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի վարչախմբի կողմից Հայաստանում քրեաօլիգարխիկ և կոռումպացված համակարգի ստեղծման,  ինչպես նաև այն ճակատագրական որոշման, երբ Ցեղասպանության հարցը Ռոբերտ Քոչարյանի կողմից մտցվեց արտաքին քաղաքական օրակարգ և դարձավ քաղաքական շահարկման առարկա:

«Ամբողջ ողբերգությունն այն է, որ Թուրքիան արդեն ստացել է այն, ինչին ձգտում էր,- ասաց Լ. Զուրաբյանը,- այսինքն, Ցեղասպանության հարցի դուրսբերմանը, մինչդեռ Հայաստանի ստանալիքը կախված է արձանագրությունների վավերացումից»:

Եվ ավելացրեց, որ անբարոյականությունը գործարքի մի կողմն է միայն: Եթե Թուրքիան  հայտարարում է, որ ինքը պատրաստ է վավերացնելու համաձայնագիրը միայն այն ժամանակ, երբ հայկական զորամիավորումները  դուրս կբերվեն Ղարաբաղից, ուստի այս գործարքում Հայաստանը մնում է ձեռնունայն: Բանախոսն այս գործընթացի դեմ միակ հնարավոր տարբերակը տեսնում է Սերժ Սարգսյանի վարչախմբի հրաժարականի մեջ և բացատրում.

«Սերժ Սարգսյանը, կորցնելով լեգետիմությունը, արդեն ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում, հետդարձի ճանապարհ չունի»:

Ըստ նրա, այսօր Սերժ Սարգսյանի  իշխանության պահպանման միակ աղբյուրը միջազգային հանրության աջակցությունն է, ինչն էլ նա ունի:

Անդրադառնալով նախագահի` Թուրքիա կատարելիք այցին, ՀԱԿ ներկայացուցիչը նշեց.

«Ես վստահ եմ, որ ամենամեծ պատիվներով կդիմավորեն Սերժ Սարգսյանին, քանի որ որևէ հայ ղեկավար երբեք այսքան մեծ նվեր չէր տվել Թուրքիայի պետությանը»,- ավելացրեց նա:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին` ասաց, որ լինելու է միայն ցուցադրություն` թե Հայաստանը և Թուրքիան գնում են դեպի խաղաղություն, այնինչ

Հայաստանը ներքաշվել է խաղի մեջ: Միաժամանակ ՀԱԿ-ը կանխատեսում է, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Հայաստանը մտնելու է ճգնաժամի մեջ: Այս ամենը, ըստ ՀԱԿ համակարգողի, ստեղծելու է բավականին ծանր իրավիճակ Հայաստանում, որոնք ունենալու են լուրջ հետևանքներ և  դիմադրություն, որի կրողը միացյալ ընդդիմությունն է` ի դեմս ՀԱԿ-ի:

Անդրադառնալով ՀՅԴ-ին` նա նշեց, որ իշխանությունները մի հրեշավոր սցենար են նախատեսել` ստեղծելով կեղծ ընդդիմություն, որը ուղղորդում է ժողովրդի ընդդիմության ալիքը վարչակազմի համար անվնաս մի ուղղությամբ:

«Մենք տեսանք, որ այդ կեղծ, ես կասեի` թատերական ակցիաները կատարվում են իշխանության օժանդակությամբ և խրախուսանքով,- ասաց նա:-Այն ուժերը, որոնք ստանձնել են իշխանության դիմադրության դերակատարների դերը, երկու ճանապարհ ունեն. կամ նրանք շարունակելու են լինել իշխանության կողմից գծված սցենարի դերակատար, և այս դեպքում շատ արագ կբացահայտվի նրանց կամակատարի դերը, կամ սկսելու են պահանջել Սերժ Սարգսյանի  հրաժարականը և մտնելու են ռեալ պայքարի ճանապարհ, ինչը մենք ողջունելու ենք, և միանալու են մեր այս պայքարին»:

Կարինե Պետրոսյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն