Թուրքերը ադրբեջանական դրոշները ձեռքերին հնչեցրել են հակահայկական կոչեր…
Այսպիսին է թուրքի հյուրասիրությունը
Panorama.am-ի թղթակիցը Թուրքիայից հայտնում է, որ հայ լրագրողների ավտոբուսներից մեկը ճանապարհին քարկոծվել է թուրք «երկրպագուների» կողմից: «Անկեղծ ասած` թվում էր, թե հարձակման հեղինակներն ադրբեջանական դրոշներով մարզադաշտ մուտք գործել ցանկացողներն են, սակայն հետագայում պարզվեց, որ նրանք Թուրքիայի դրոշներ են ծածանել և անվտանգության մարմինների ներկայացուցիչների թիկունքից քարեր են շպրտել ավտոբուսի վրա», -գրում է լրագրողն ու նկատում, որ թուրք իրավապահները որևէ կերպ չեն միջամտել և չեն ցանկացել միջոցներ ձեռնարկել ավտոբուսի վրա հարձակման փորձը կանխելու համար:
Կայքէջի լրագրողը նաև տեղեկացնում է, որ դեպի մարզադաշտ տանող ճանապարհի եզրերին փողփողում էին ադրբեջանական դրոշները: «Սա նշանակում է, որ Բուրսայի քաղաքային իշխանությունների բանավոր հրահանգները ոչ մի նշանակություն չունեցան»: Հակառակը, թուրք «երկրպագուները» շատ ագրեսիվ էին տրամադրված: Ոմանք ադրբեջանական դրոշները ձեռքներին վազել են մարզադաշտի շուրջբոլորը` հնչեցնելով հակահայկական կոչեր…
Իսկ երբ մինչ հանդիպումը մարզադաշտում հնչել է Հայաստանի հիմնը` թուրք երկրպագուները սկսել են աղմկել ու սուլել:
Հիշեցնենք, որ հանդիպման նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիթ Էրդողանը հայտարարել էր, թե իրենք հայերին կդիմավորեն և կուղեկցեն` հավատարիմ թուրք ժողովրդի հյուրասիրության ոգուն:
Armar.am












