Գլխավոր » Լրահոս

Վրացիները շարունակում են յուրացնել հայկական եկեղեցիները

Հոկտեմբեր 15, 2009թ. 12:02

ArmArn-ն արդեն ահազանգել է այն մասին, որ վրացիները, բացի նրանից, որ յուրացնում են Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիները, աչք են դրել նաև Արևմտյան Հայաստանի հայկական եկեղեցիների վրա: Վերջերս վրացի մի շարք պատմաբաններ վրաց պատրիարք Իլյա երկրորդի հովանավորությամբ մեկնել են Արևտմյան Հայաստան` պատմական Մեծ Հայքի  Տայք նահանգում գտնվող (ըստ իրենց` Տաո-Կարջետի) «վրացական» ճարտարապետության կոթողներին ծանոթանալու նպատակով:

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության հայաստանյան գրասենյակի պատասխանատու, հուշարձանագետ Սամվել Կարապետյանից պարզեցինք, որ վրացիների հետաքրքրությունը հայկական քաղկեդոնական եկեղեցիների նկատմամբ է: Իսկ այդպիսիք կան և’ Հայաստանում, և’ Արևմտյան Հայաստանում, և’ Վրաստանի տարածքում:

«Արևմյան Հայաստանի տարածքում քաղկեդոնական եկեղեցիները հիմնականում գտնվում են Մեծ Հայքի Տայք նահանգում: Հատկապես այս նահանգում դրանք շատ են, քանի որ Տայքի հայ Բագրատունիները 10-րդ դարում ընդունեցին քաղկեդոնականություն (նաև Բյուզանդիայի ճնշումների ներքո):

Իսկ այդ ժամանակաշրջանը (10-11-րդ դարեր) հայկական ճարտարապետության երկրորդ ոսկե դարն է: Այդ  շրջանում Բազմաթիվ ճարտարապետական գլուխգործոցներ են ստեղծվել: Հատկապես կարելի է նշել Բանակ, Իշխան, Օշկ  և բազմաթիվ այլ գյուղերի եկեղեցիները:

Իսկ հայկական եկեղեցին չընդունեց քաղկեդոնականություն դավանող հայերին: Դրանից օգտվեց վրացական եկեղեցին և նրանց միացրեց վրաց եկեղեցու թեմերին: Այդպես, այդ եկեղեցիների գրավոր արձանագրությունների լեզուն դարձավ վրացերենը:

Դա էլ հիմք են ընդունում վրացիները հայտարարելու համար, թե այդ եկեղեցիները վրացական են: Մինչդեռ իրականում դրանք Տայքի հայ Բագրատունյաց իշխանական տոհմի արձանագրություններն են: Եվս մեկ ապացույց, որ դրանք հայկական եկեղեցիներ են. արձանագրություններում տեղ գտած անձնանունները ևս հայկական են: Հարց է առաջանում. եթե վրացիներ են կառուցել, ինչո՞ւ են հայկական անուններ նշված:

Այդ եկեղեցիների ճարտարապետության մեջ և զարդաքանդակներում կան տարրեր, որ առաքելական եկեղեցուն չեն պատկանում, բայց առկա են նաև հետագա շրջանների հայ քաղկեդոնական եկեղեցիների կառուցվածքում:

Իսկ ինչ վերաբերում է ուսումնասիրություններին, ապա վրացիները դրանք անցկացնում են դեռ նախախորհրդային տարիներից, իսկ 90-ականներից հետո ավելի են ակտիվացել: Պարզապես մենք ենք նոր արթնացել: Եվ այսօր, այդ քաղկեդոնական եկեղեցիները վրացականացնելով, տարածաշրջանն էլ են համարում վրացական»:

Անի Աբովյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն