Էդուարդ Շարմազանով. «Նախ Թուրքիան թող ստորագրի»
«Երեկ ավարտվեց դիվանագիտության ֆուտբոլային փուլը և մենք թևակոխեցինք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նոր` արձանագրությունների վավերացման փուլ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամլո խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ Արձանագրություններն առաջինը վավերացնողը պետք է լինի հենց Թուրքիան, քանի որ հենց նա է սահմանների փակման նախաձեռնողը, ուստի` տրամաբանական համարեց, որ փաստաթուղթը առաջինը թուրքական կողմը վավերացնի: Իսկ եթե Թուրքիան հրաժարվի դրանք ստորագրել, ապա. «Անտրամաբանական կլինի մեր ստորագրումը»:
ՀՀԿ մամլո խոսնակի փոխանցմամբ, հոկտեմբերի 21-ին արձանագրությունները դրվելու են թուրքական խորհրդարանի քննարկմանը: Ըստ նրա, Արձանագրությունները կվավերացվեն, եթե Թուրքիան քաղաքական կամք դրսևորի:
Նա ևս մեկ անգամ նշեց, որ նախագահի դիրքորոշումը մնում է անփոփոխ և զիջումներ չեն լինելու` ոչ Ցեղասպանության, ոչ Ղարաբաղի հարցում: Ապա մեջբերեց ԱՄՆ նախագահ Օբամայի և Մինսկի համանախագահների հայտարարություններն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը կապ չունի հայ- թուրքական հարաբերությունների հետ:
Ավարտելով իր խոսքը, նա նշեց, որ արձանագրությունների ստորագրման համար դրական հանգամանքն այն է, որ դա շատ հեռանկար է բացում` առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման համար: «Իսկ այն կողմը, ով նախապայմաններ կառաջարկի, արդեն լուրջ խնդիրներ կունենա ոչ միայն իր գործընկերների, այլև միջազգային հանրության հետ:
Կարինե Պետրոսյան












