Որքա~ն կարճ է Էրդողանի հիշողությունը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Իրաքում: Այսօր սպասվում է Էրդողանի հանդիպումը Իրաքի նախագահի, փոխնախագահի և վարչապետի հետ:
Իսկ մինչ այդ` Ստամբուլի օդանավակայանում, լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ընթացքում, նա անդրադարձել է երկրի օրակարգային հարցերին, հիմնականում հայ-թուրքական հարաբերություններին: Վարչապետը նախ տեղեկացրել է, որ նախագահ Աբդուլա Գյուլը Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները քննարկման նպատակով ուղարկել է կառավարություն:
Խոսելով Բուրսայում տեղի ունեցած ֆուտբոլային խաղի մասին, ասել է, որ թուրք բնակչությունը, երկրպագուներն ու ֆուտբոլիստները փորձության միջով անցան, և որ թուրք ժողովուրդն արժանի հյուրընկալությամբ ընդունեց հայկական կողմին:
Զարմանալին այն է, որ Թուրքիայի վարչապետը ընդամենը մի քանի ժամում մոռացավ ողջ իրականությունը, թե ինչպես է իր հյուրընկալ ժողովուրդը քարկոծել հայ լրագրողների ավտոբուսը, մարզադաշտում սուլել` հայկական հիմնը հնչելու պահին, և կամ ադրբեջանական դրոշները ձեռքներին հակահայկական կոչեր հնչեցրել: Եվ այդ ամենը թուրք իրավապահների ներկայությամբ ու աջակցությամբ:
Armar.am












