Ուտեստներ Սերժ Սարգսյանի համար` պատրաստված Գյուլի կնոջ ձեռքով
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումից հետո վերադարձել է Բուրսայի «Ալմիրա» հյուրանոց, ուր և ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար հանդես է եկել հայտարարությամբ.
«Միշել Պլատինին, ով հատուկ եկել էր Բուրսա` դիտելու Հայաստան-Թուրքիա խաղը, ասաց, որ, ընդհանրապես, ֆուտբոլի խաղերը միշտ էլ սպորտային մեծ իրադարձություն են: Բայց ինչպես փորձը ցույց տվեց, ֆուտբոլը կարող է իրադարձություն լինել ոչ միայն սպորտի իմաստով, այլ նաև կարևոր այլ հնչեղություն ստանալ, ինչպես դա եղավ մեկ տարի առաջ, երբ կայացավ Հայաստան-Թուրքիա խաղը Երևանում, որը, փաստորեն, սկիզբ դարձավ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում:
Այսօր Թուրքիայի նախագահ Գյուլն ասում էր. «Եթե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ինձ մեկ տարի առաջ չհրավիրեր ֆուտբոլի խաղին, արդյոք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն այս առաջընթացը կունենա՞ր այս մեկ տարվա ընթացքում»:
Այսօրվա հանդիպումն էլ լավ առիթ էր երկու նախագահների համար` հանդիպելու և հետադարձ հայացքով նայելու, թե այս մեկ տարվա ընթացքում ինչ կատարվեց երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման առումով, և նաև ինչ պետք է անել չորս օր առաջ ստորագրված արձանագրություններից հետո, որպեսզի այս արձանագրությունները շուտափույթ կյանքի կոչվեն, առաջին հերթին` վավերացվեն և իրականանան այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել երկու երկրների միջև: Սա կբացի այն փակ դուռը, որը երկար տարիներ մեր երկու ժողովուրդներին բաժանել է իրարից, և հնարավորություն կտա մեր երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հիմքեր դնել: Սրա մասին էին զրույցները, որ կայացան այսօր նախագահների միջև` նախ ընդլայնված ֆորմատով, իսկ այնուհետև նախագահներն առանձնազրույց ունեցան:
Մեր նախագահի պատվին նաև ընթրիք տրվեց նախագահ Գյուլի կողմից: Այս կապակցությամբ Անկարայից հատուկ բերվել էին ուտեստներ, որոնք պատրաստել էր նախագահ Գյուլի կինը: Այս ժեստով նախագահ Գյուլը ցանկանում էր հատուկ ջերմություն հաղորդել Հայաստանի նախագահի ընդունելությանը: Այնպես որ, մեր այս հանդիպումները, ինչպես նաև ֆուտբոլի խաղը, կարևոր եղան ոչ միայն ֆուտբոլի իմաստով: Գեղեցիկ խաղ էր, մեր թիմն էլ լավ խաղում էր, հատկապես` երկրորդ խաղակեսում: Իհարկե, հաշիվը 2:0 եղավ, բայց մեր խաղացողները փորձում էին ամեն ինչ անել… Սակայն այն կարևոր եղավ նաև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման իմաստով»,- շեշտեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:












