Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Գյուլը սկսել է ասացվածքներով խոսել

Հոկտեմբեր 16, 2009թ. 09:00

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ֆրանսիական «L’Express» ամսագրին տված հարցազրույցում, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին,   հայտարարել է, թե այդ առումով արձանագրությունների ստորագրումը առաջին քայլն էր, իսկ հետո` «Աստծո կամոք ամեն ինչ լավ կլինի»:

Նա տեղեկացրել է, որ այժմ Թուրքիայի կառավարությունը  պատրաստվում է փաստաթղթերը ներկայացնել խորհրդարանի վավերացմանը: Ապա խոսքը համեմել  ժողովրդական մի ասացվածքով, թե` «Բարի կամքը միշտ էլ լավ արդյունք է տալիս»:

Պատասխանելով  լրագրողի հարցին` հերքել է այն պնդումները, թե այս գործընթացն արտաքին ուժերի ճնշման հետևանք է. «Ոչ մի արտաքին ճնշում չկա: Մենք մեր քաղաքականությամբ նպատակադրվել ենք այս տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատել և մեր հարևանների հետ լավ հարաբերություններ ունենալ»:

Հարց է հնչել նաև Ղարաբաղյան խնդրի առնչությամբ. «Ղարաբաղյան խնդրում Թուրքիան (թերևս լրագրողը   Թուրքիա ասելով` նկատի է ունեցել Ադրբեջանը-հեղ.) կգնա՞ զիջումների՞, թե՞ ոչ»: Գյուլը պատասխանել է. «Այս  իրավիճակում զիջումներն անխուսափելի են, հակառակ դեպքում  մենք  երբեք խաղաղության չենք հասնի: Այս հարցն անհրաժեշտ է լուծել երկխոսությամբ: Կրկնում եմ` հորիզոններն անհրաժեշտ է ընդլայնել: Իսկ ինչու՞ չպետք է կարգավորվեն հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև»:

Անդրադառնալով 1915 թ. Հայոց Ցեղասպանության փաստին,  Գյուլը հայտարարել է, որ արխիվներն ամբողջությամբ բացելով բարի կամք են ցուցաբերում, ապա խորհուրդ է տվել` սպասել պատմաբանների հանձնաժողովի աշխատանքների վերջնական արդյունքին:

Այլ կերպ ասած` Թուրքիան փորձում է տարածաշրջանում խաղաղության աղավնու դեր ստանձնել և «հաշտարարի» լոզունգի տակ լուծել սեփական խնդիրները:

Armar.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն