Մհեր Մկրտչյանն այժմ առաջին տեղում է, իսկ Մաշտոցը` երկրորդ
ՀԱՅ TV հեռուստատեսությունը, հետամուտ լինելով իր անվանմանը, սկսում է իր նախադեպը չունեցող մի լայնածավալ հեռուստանախագիծ: Երեք փուլից բաղկացած «Մենք հայ ենք» հեռուստանախագիծը մեզ հնարավորություն է ընձեռելու առաջարկել ամենաարժանավոր հայերի անունները։ Ծրագրի կազմակերպիչները հայ հասարակությանը հնարավորություն են ընձեռելու քվեարկել նախընտրած թեկնածուի օգտին` յուրաքանչյուր էլեկտրոնային հասցեից և հեռախոսահամարից առավելագույնը 12 անգամ:
Հոկտեմբերի 13-ից սկսվել է www.menqhayenq.am կայքի այցելուների կողմից առաջարկվող թեկնածուների նախնական ցուցակի համալրումը։ Սակայն ցուցակում չեն կարող ընդգրկվել այն գործիչները, ովքեր ողջ են։ Այցելուները կարող են ավելացնել նաև ազգությամբ հայ գործիչների անուններ՝ անկախ նրանից, թե ինչ ազգանուն են նրանք կրել, երբ և որտեղ են ապրել, աշխատել ու մահացել։
Նախագծի երկրրդ փուլը կսկսվի հոկտեբերի 20-ին, որով կազմակերպիչները կամփոփեն առաջին փուլի արդյունքները և կներկայացնեն 100 առավելագույն քվեներ ստացած մարդկանց անունները։
Հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 20-ն արդեն ձևավորված 100 թեկնածուներից համացանցի և SMS քվեարկության միջոցով հայ հասարակությունը հնարավորություն կունենա ընտրել նրանցից միայն 12-ին։
Իսկ նոյեմբերի 20-ին հանրությանը կներկայացվի առավելագույն քվեներ ստացած և եզրափակիչ հեռուստատեսային փուլ անցած 12 գործիչների անուններն ընդգրկող ցուցակը։ Դրանից հետ կմեկնարկի հեռուստատեսային փուլը, որով առավելագույն քվեներ ստացած 12 թեկնածուների շուրջ կսկսվեն հեռուստատեսային քննարկումներ։
Եզրափակիչ՝ 13-րդ հաղորդման ժամանակ կվերլուծվի և կամփոփվի հանրային քննարկումների արդյունքները, որից հետո էլ կհրապարակվի ամենամեծ ժողովրդականություն վայելող գործչի անունը։
Հաղորդումները վարելու է հայ հեռուստադիտողին այլ հաղորդումներից արդեն հայտնի Արթուր Բախտամյանը։ Այն հարցին, թե որքանով է ճիշտ քվեարկությունների միջոցով որոշել ամենաարժանավոր հային, Արթուր Բախտամյանը պատասխանեց.«Ինչ-որ կերպ պետք էր որոշել ամենաարժանավոր հայի անունը, որը, սակայն, բնավ չի նշանակի, թե մնացած 100-ը զիջում են այդ մեկին»:
Նշենք, որ այս պահի արդյունքներով առաջին հորիզոնականում Մհեր Մկրտչյանն է` 39 ձայնով, երկրորդ տեղը 31-ական ձայնով կիսում են Մեսրպ Մաշտոցն ու Արամ Խաչատրյանը, երրորդ հորիզոնականում Հովհաննես Թումանյանն է: Սակայն սրանք դեռևս երկու օրում ձևավորված արդյունքներն են:
«Մենք հայ ենք» նախագծին մասնակցության հնարավորություն կունենա նաև Սփյուռքը` Հանրային հեռուստաընկերության արբանյակային ծրագրի միջոցով:
Արմենուհի ԿԱՐԵՅԱՆ












