Պետրոս Ղազարյան. «Ես թուրք լրագրողներին հասկացրեցի, որ Հայաստանը Ադրբեջանին ոչինչ չունի տալու»
«Եթե մի քանի տարի առաջ թուրք լրագրողները հեգնանքով էին խոսում Հայոց Ցեղասպանության մասին, ապա այսօր բացահայտ ասում են, որ եղել է Ցեղասպանություն: Չնայած նրանք զոհերի թիվը համարում են 200.000, բայց նաև հավելում են, որ կատարվածը կկորչվեր Ցեղասպանություն, եթե անգամ զոհերի թիվը 30.000 լիներ»,- Թուրքիայում իր տեսածի ու լսածի մասին այսօր լրագրողներին պատմեց «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Պետրոս Ղազարյանը:
Պետրոս Ղազարյանի աչքից չի վրիպել նաև այն, որ թուրքերը բավական վախեցած են Սփյուռքից և այն կարծիքին են, որ եթե հայկական Սփյուռքը ցանկանա, Եվրոպայում և Ամերիկայում լուրջ փոփոխություններ տեղի կունենան:
«Շվեյցարիայի Հայկական Սփյուռքի նախագահը հայտարարել է, որ Հայաստանին զրկում է դրամական աջակցությունից: Այդ մասին Հայաստանում քչերը գիտեն, իսկ թուրքական բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են այդ հայտարարությանը: Ես նրանց բացատրեցի, որ մենք եղբայրներ ենք, և մեր հարաբերություններում դրամական կողմը չորրորդական է: Սակայն լավ կլիներ, որ սփյուռքահայերը հայտարարություն անելուց առաջ մի լավ մտածեին, քանի որ հայտարարությանը ծանոթանում են նաև թուրքերը»,- ասաց Պետրոս Ղազարյանը:
Նա հավատացած է, որ թուրքերը, հատկապես լրագրողները, շատ են ուզում լուծված տեսնել Հայաստանի և Թուրքիայի միջև առկա կնճռոտ խնդիրները: Անգամ թուրք լրագրողների կողմից մի այսպիսի միտք է առաջ քաշվել, թե դրանք կհարթվեն, եթե Հայաստանը Արցախը տա Ադրբեջանին:
«Ես նրանց հասկացրեցի, որ Հայաստանը Ադրբեջանին ոչինչ չունի տալու: Դա մի կտոր հողի խնդիր չէ, այլ ստրատեգիական խնդիր է: Իսկ եթե տարածքներ տրվեն, ապա տարածաշրջանում պատերազմի հավանականությունը կմեծանա: Նրանք վերջնականապես լռեցին, երբ հիշեցրեցի Ադրբեջանի սպառազինման մասին»,- հավելեց Պետրոս Ղազարյանը:
Ինչ վերաբերում է արձանագրություններով Թուրքիայի տարածքային ամբողջականությունը ճանաչելուն, ապա Պետրոս Ղազարյանն այն մտքին է, որ հնարավոր չէ մի բան զիջել, որն արդեն իսկ մերը չէ, և զիջել ենք 1920 թվականին: Իսկ արձանագրություններն անվանեց երկկողմանի փաստաթուղթ, որը միայն հարաբերությունների հաստատման նպատակ ունի և բոլորովին էլ Հայաստանի կամ Թուրքիայի կապիտուլյացիայի ակտը չէ:
Արմենուհի Կարեյան












