Հակոբ Չաքրյան. «Նրանք ոչ այնքան երկրպագում էին իրենց թիմին, որքան ընդգծում էին հայերի հանդեպ թշնամանքը»
«Եվրասիա» համագործակցության հիմնադրամը կազմակերպել էր թվով 15 հայ լրագրողների այցելություն Թուրքիա` հնարավորություն տալով հայ լրագրողներին լուսաբանելու ֆուտբոլային դիվանագիտության վերջին ակորդները:
Այցելության ժամանակ հայ լրագրողները շփվել են իրենց թուրք գործընկերների հետ, ծանոթացել հայ-թուրքական հարբերությունների մասին նրանց կարծիքներին, հայ-թուրքական լրատվական կայք բացելու հարցում եկել ընդհանուր հայտարարի:
Այցելուների թվում է եղել նաև «Ազգ» օրաթերթի վերլուծաբան, թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Նա լրագրողներին պատմեց, որ Գյուլի խորհրդականը մեղմում էր մթնոլորտը. «Նախարար Չերիքը, ով Էրդողանի մտերիմներից էր, ասել է, թե իրենք չեն կարող Ադրբեջանին կորցնել, գցել այն իրավիճակում, որում այժմ Հայաստանն է: Եթե Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ են ստեղծվում, Ադրբեջանը մեկուսացվում է: Պետք է մեկ հարևանի հետ խնդիրներն այնպես լուծենք, որ դրանք չանդրադառնան մյուսի վրա»:
Հակոբ Չաքրյանը պատմեց, թե ինչ մեկնաբանություն է տվել թուրք լրագրողներին, երբ վերջիններս խնդրել են կիսել ֆուտբոլային խաղի տպավորությունները.
«Խաղը լարված անցավ: Կարմիր քարտով խաղադաշտից հեռացված թուրք ֆուտբլիստին հերոսի պես էին ճանապարհում, ինչը պարզապես լկտիություն էր: Նրանք ոչ այնքան երկրպագում էին իրենց թիմին, որքան ընդգծում էին հայերի հանդեպ թշնամանքը: Քանի որ թուրքերի հաղթանակը ոչինչ չէր փոխում»:
«Եվրասիա» համագործակցության հիմնադրամի գործընկերների մեջ է եղել նաև Թուրքիայի նախկին արտգործնախարարը: Հակոբ Չաքրյանը հիշեցրեց, որ նա դեռևս 1990-ական թ.թ. վերջին «Գորշ գայլերի» թերթերից մեկում գրել էր, թե իրատեսական չէ այն, որ հայերը կհրաժարվեն Ցեղասպանության ճանաչման գաղափարից:
Չաքրյանը Թուրքիայում գտնված ժամանակ տպավորություն էր ստացել, թե հասարակ թուրք ժողովրդի համար միևնույնն է` կբացվի Հայաստան-Թուրքիա ներկայիս սահմանը, թե ոչ: Ժողովուրդն ունի իր առօրյա հոգսերը և այնպիսի հատվածում է բնակվում, ուր հայերի հետ շփումները շատ քիչ են:
Ի պատասխան ArmAr.am-ի լրագրողի հարցին, թուրքագետը շեշտեց, որ անհանգստանալու ոչինչ չկա, քանի որ նախագահ Սերժ Սարգսյանը հստակ ասել է` եթե թուրքական կողմից Ցեղասպանության կամ Արցախի հարց առաջ քաշվի, ապա հայկական կողմը միանգամից կհրաժարվի բանակցությունների հետագա ընթացքից և հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունից:
Արմենուհի Կարեյան












